23/08/2014 13:05
ՊԲ հրամանատար. Բանակն իր խնդիրը կատարում է լուռ
Հուլիսի վերջի օգոստոսի սկզբի իրադարձությունները աննախադեպ էին այնքանով, որ ավելի մասշտաբային էին ու եղել են մի քանի ուղղություններով: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Իրականում, կարծում եմ, որ այս իրադարձությունների մասին ավելի շատ խոսվեց, քան պետք էր, քանի որ պաշտպանության բանակի համար սա նորություն չէ: Մենք այսօր էլ, վաղն էլ, ամեն օր էլ պատրաստ ենք լինելու հակազդել նման գործողություններին: Բանակն իր խնդիրը կատարում է լուռ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
ՊԲ հրամանատարը ցավով նշեց, որ այս օրերին մենք ունեցել ենք նաև կորուստներ.
«Պատերազմն առանց զոհերի չի լինում: Ցավոք, մենք կորցրել ենք երեք զինվոր և երեք սպա, ովքեր իրենց դիրքը, Հայրենիքը, իրենց ընկերներին պաշտպանելու ժամանակ զոհվել են: Փառք նրանց»,- ասաց Մովսես Հակոբյանը` ընդգծելով` այսօր բանակում տղաները կարող են ստանալ տարբեր մասնագիտություններ, սակայն կարևորագույն մասնագիտությունը բանակում` Հայրենիքի պաշտպան դառնալն է:
ՊԲ հրամանատարի խոսքով` մենք ոչ միայն դիմագրավել ենք հակառակորդին, այլև` կանխարգելիչ գործողություններ ենք իրակացրել .
«Նմանատիպ 7 հակազդող գործողություն ենք իրականացրել, որպեսզի ցույց տանք` Հակառակորդի նման գործողությունները` Ղարաբաղի հետ հարաբերվելու ճանապարհ չէ»,- ասաց Մովսես Հակոբյանը` ավելացնելով.
«Ինչքան ուզում են թող սպառազինվեն` պատերազմում հաղթելու համար սպառազինությունը դեռ որոշիչ չէ: Ընդհանուր առմամբ պատմությունից մենք մի շատ կարևոր հետևություն ենք արել, հասկացել ենք, որ այլևս կորցնելու ու ցեղասպանվելու իրավունք չունենք: Այս պահին ոչ միայն Ադրբեջանը, այլև աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող, չի կարող այն դեպքում, եթե լինենք միասնական»,- ասաց ՊԲ հրամանատարը: