23/08/2014 11:38
Անապահով ընտանիքների երեխաները կոշիկներ և գրենական պիտույքներ կստանան
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով և բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։
Երևանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաև այս ընտանիքներին էին ուղղված և որպեսզի հնարավորինս թեթևացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները փաթեթեները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։