23/08/2014 10:37
Գորիսում թթի օղու փառատոն են կազմակերպել. «Հրապարակ»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորից իր «ափսեում» է, իր ռեժիմը Սյունիքում վերականգնելու փորձերն ի զուր չանցան և նախկին մարզպետն այնքան է ակտիվացել, որ իրեն ոչ թե «այլընտրանքային», այլ «ուղիղ» ղեկավար է համարում: Լիսկայի ակտիվության դոզան այնքան մեծ է, որ նրա մտահաղացումները դուրս են գալիս տրամաբանության շրջանակներից: Օրինակ, մոտ 1-2 ամիս առաջ է Գորիսում թութը վերջացել, բայց այսօր քաղաքում կազմակերպվելու է թթվի փառատոն:
«Հրապարակը» զրուցել է Ս. Խաչատրյանի հետ, ով նշել է. «Ես չեմ կազմակերպել, քաղաքապետն է կազմակերպել», բայց զրույցից պարզվել է, որ ամեն բան գիտի այդ փառատոնի մասին:
-Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ թթի փառատոն, երբ արդեն թութ չկա:
-Թութ չկա, թթի արաղ կա: Փառատոնը պետք է լիներ մայիսի կողմերը կամ հունիսի սկզբին, բայց դե` չեղավ, հիմա կլինի: Կմասնակցեն գորիսեցիները, հյուրերը մշակույթի նախարարությունից, տարբեր համայնքապետեր:
-Խոսում են, որ ոչ թե նոր քաղաքապետը, այլ դուք եք կառավարում Գորիսը, ընդունելություններ կազմակերպում բնակիչների հետ ձեր շտաբում, նրանց ուղղորդում:
- Որ ընդունում եմ գորիսեցիներին, նրանց խնդիրները լուծում, դա միանշանակ ա, բայց քաղաքի կառավարումով քաղաքապետն ա զբաղվում, եթե իսկապես մարդիկ կարիքի մեջ են, օգնում եմ: Ես ունեմ իմ կաբինետը, դա շատ վաղուց ունեի էդ կաբինետում էլ նստում եմ, դա ոչ շտաբ ա, ոչ էլ, այլ «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամի որպես նախագահ էդ կաբինետն ա:
-Դե տեսնում եք, որ ձեռք չենք քաշում և Ձեզ այլընտրանքային ղեկավար եք կարգել:
-Չէ, այլընտրանքային չեմ, ուղղակի եմ, այո:
-Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ եք, ի՞նչ է ասում նա, Ձեզ նոր պաշտոն տալո՞ւ է, գնահատականը Ձեր մասին ինչպիսի՞ն է:
- Դե, իրենից պետք ա հարցնեք, մտերիմ ենք դեռ 90-ականներից, ինքն էլ էր քաղսովետի նախագահ, ես էլ, մինչև էսօր մեր մտերմությունը մնում է, մենք եղել ենք կոլեգաներ: