23/08/2014 16:00
Քաղաքագետ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուրջ քաղաքական նախագիծ չէ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նոր կուսակցության ստեղծման մասին:
Նրա խոսքով՝ թեև վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ինքը հայտարարել է նման հավանականության մասին, սակայն հապաղել է՝ հույս ունենալով, որ որ ազատական դաշտում հնարավոր կլինի համախմբում, սակայն այժմ հասկացել է, որ այդ կոնսոլիդացիան տեղի չի ունենալու:
Քաղաքագետի խոսքով՝ ինքը ունեցել է 3 տարբերակ՝ վերադառնալ «Հանրապետություն» կուսակցությունը, անդամագրվել ինչ-որ մի կուսակցության կամ էլ ստեղծել նոր կուսակցություն, ինչն էլ արել է:
«Հայաստանում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ հեղաշրջում և վարչապետ է դարձել մի մարդ, ով ուղղակիորեն արտահայտում է քրեաօլիգարխիայի շահերը»,-ասաց նա:
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ «Նոր ազատական» կուսակցությունը դաշնակիցներ կարող է ունենալ «Հանրապետություն», «Հայոց համազգային շարժում», «Ազատություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններում, իսկ ՀԱԿ-ի հետ ապահարզանը վաղուց է կնքել:
«Ես մեծ սիրով և հաճույքով պարբերաբար շփվում եմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ես դրա իրավունքն ունեմ, ես երկրի առաջին նախագահը չեմ, իսկ եթե առաջին նախագահը չի պատկերացնում իր կարգավիճակը, դա շատ տխուր է»:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է համագործակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Ս. Սուրենյանցը պատասխանեց, որ ոչ, քանի որ, թեև շատ է հարգում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուրջ քաղաքական նախագիծ չի համարում: