23/08/2014 14:42
«Թանկացման խնդիրը միշտ մնալու է, քանի որ սա զուտ տնտեսվարողի խնդիրն է»
Գրենական պիտույքներ ներմուծողները այս շրջանում օգտվում են առիթից և թանկացնում ապրանքը, քանի որ գիտեն, որ մարդիկ ստիպված են գնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ թանկացման խնդիրը միշտ մնալու է, քանի որ սա զուտ տնտեսվարողի խնդիրն է:
«Եվրոպայում այս ժամանակաշրջանում միշտ զեղչեր են լինում, քանի որ այնտեղ ինֆլյացիայի փոխարեն՝ դեֆլյացիա է սկսում, սակայն մեր նման երկրներում չի գործում մեծ ծավալով ապրանք սպառելու մշակույթը, որը կարող է լավ եկամուտ ապահովել»,-ասաց նա։
Ասուլիսի մյուս բանախոս՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ասաց, որ, իրականում, գրենական պիտույքները թանկ չեն, խնդիրը մեր քաղաքացիների սոցիալական դրությունն է և այն պետք է լուծի ՀՀ կառավարությունը և էկոնոմիկայի նախարարությունը: