25/08/2014 19:15
Ամեն չորրորդ ռուսաստանցին Արցախն անկախ պետություն է համարում
Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը տվյալներ է ներկայացրել ռուսաստանցիների շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկացվածության աստիճանի վերաբերյալ: Հարցվածները պատասխանել են երկու հարցի՝ կարո՞ղ է արդյոք հակամարտությունը կարգավորվել խաղաղ ճանապարհով և ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ նրանց տեղեկացվածության: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:
Ըստ հարցման արդյունքների` ռուսաստանցիների 45 %-ը տեղյակ է, որ օգոստոսի սկզբին հակամարտ կողմերի շփման գծում լարվածության աճ է նկատվել: Ընդ որում` շուրջ 10 %-ը մանրամասն տեղեկություններ ունի կատարվածի մասին, իսկ 35 %-ը լսել է դեպքերի մասին, սակայն չունի մանրամասն տեղեկություն: Տեղեկացվածության մակարդակը նշանակալի բարձր է հատկապես 60-անց անձանց (55 %) և տղամարդկանց շրջանում (51 %), քան երիտասարդների (31 %) և կանանց (41 %) մոտ:
Ամեն չորրորդ ռուսաստանցին (24 %) համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Այս տեսակետին առավելապես հակված են բարձրագույն կրթություն ունեցողները:
Հատկանշական է, որ ռուսաստանցիների կեսը` 56 %, հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Միայն 14 %-ն է կարծում, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց զենքի կիրառման:
Համառուսաստանյան հարցումն անցկացվել է օգոստոսի 16-17, հարցմանը մասնակցել է 42 շրջանից, ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունների 130 բնակավայրից 1600 մարդ: Ըստ կազմակերպության` հարցման արդյունքների վիճակագրական սխալը չի գերազանցում 3.4 %-ը: