25/08/2014 14:31
Կոմիտասյան տարին մեկնարկում է. Համերգին ընդառաջ՝ վերապրելով Կոմիտասին
Սեպտեմբերին մեկնարկելու են Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մինչև այդ՝ օգոստոսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Կոմիտաս 145. վերապրում» խորագրով համերգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան, Կոմիտասյան մոտիվներով «10 հայտնություն» շարքի հեղինակ Վահան Արծրունին:
Համերգի ընթացքում հնչելու են կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանի՝ կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:
« Սա մեր խոնարհումն է Կոմիտասի էության առաջ, նվիրումն է Կոմիտասի 145-ամյակին: Ամենակարևորը՝ սա մեր Կոմիտասի վերապրումն է: Առաջին բաժնում ներկայացվելու է կոմիտասյան մշակույթին հատուկ մոտեցումը երաժշտությանը՝ ստեղծագործողի ակտիվ միջամտությամբ: Երկրորդ բաժնում՝ իմ գրած երաժշտությունը՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա»,- մանրամասնեց Վ. Արծրունին:
Արծրունին վստահ է, որ հանդիսատեսին կհետաքրքրի համերգային ծրագրի թե՛ բովանդակային մասը, թե՛ կառուցվածքային լւծումը: Ըստ նրա՝ համերգի երկու բաժինները սերտորեն կապված են իրար:
Ըստ երգահանի՝ կազմակերպիչները կփորձեն համերգային այս ծրագիրը ներկայացնել ոչ միայն հայաստանյան հանդիստատեսին, այլև աշխարհի տարբեր ծայրերում. «Առաջիկա համերգը ցույց կտա՝ սա ծրագրային բնույթ պետք է ստանա, թե ոչ: Կոմիտասյան տարի է գալիս: Մենք նախընտրել ենք Կոմիտասի արվեստի պրոպագանդման այս տեսակը»:
Ասուլիսի մյուս բանախոս Գրիգոր Առաքելյանի համար նման գաղափարը հետաքրքիր է, քանի որ, ըստ նրա, համերգը ցույց կտա, թե ինչպես է մերօրյա արվեստագետը, մտավորականը վերապրում Կոմիտասին ու ինչ է ստացվում դրա արդյունքում:
«Համերգի երկու բաժինները ոճական և ժանրային առումով տարբեր են, ընդունված չէ նման համադրությունը մեկ համերգի ընթացքում: Մեր նպատակն է ցույց տալ այդ տարբերությունը՝ ներշնչված կոմիտասյան արվեստով»,- ասաց Գ. Առաքելյանը:
Նշենք, որ համերգին մասնակցելու են Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա), Հասմիկ Բաղդասարյանը (մեներգ), Էմմանուել Հովհաննիսյաըն (դուդուկ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Վահան Արծրունին (մեներգ, կիթառ), «Les Violons d'Armenie» լարային քառյակը: