26/08/2014 13:04
Գնդապետ. Ապացուցեցինք՝ չեն կարող զենքի ուժով խոսել մեզ հետ
Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, մեր զինվորը, միայն ու միայն մեր զինվորը կարողացան հակառակորդին հետ շպրտել իր մտադրությունից: Այս մասին Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը:
«Վերջին 20 օրերի ընթացքում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, փորձեց աշխարհին կամ իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցել: Ցավոք, մենք էլ ունեցանք մարդկային զոհեր: Բայց մենք կարողացանք ապացուցել հակառակորդին, որ մեր գործն արդար է ու մեզ հետ իրենք գործ չունեն»,- ասաց գնդապետ Ամիրխանյանы՝ ավելացնելով.
«Մենք նրանց հուշեցինք` բոլոր հարցերը միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվեն, նրանք չեն կարող զենքի ուժով խոսել մեզ հետ»,- ասաց Հարություն Ամիրխանյանը:
Անդրադառնալով այսօր դիրքապահ զինվորի կարիքներին՝ գնդապետը նշեց, որ հայ զինվորը ոչնչի կարիք չունի.
«Մարդիկ թող աղոթեն զինվորի առողջության ու հաջողության համար»:
Գնդապետ Ամիրխանյանը կոչով դիմեց նաև իր զինվորների, հատկապես՝ նորակոչիկների ծնողներին.
«Ուզում եմ ասել՝ թող հանգիստ լինեն, մեր զինվորը պաշտպանված ու ապահովված է` և´ հրամանատարների ամուր ձեռքերում, և´ ինժեներատեխնիկական կառույցների շնորհիվ, և´ Աստծո օրհնությամբ: Նորակոչիկների հետ մենք առաջինն աշխատում ենք ադապտացիայի` հարմարվելու ուղղությամբ` տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ մարդիկ հավաքվում են մի տեղում, ու շեշտը հենց հարմարվելու վրա է : Ընդհանուր առմամբ, ամեն բան իր հունով գնում է, արտակարգ դեպքեր չունենք` ոչ սննդի առումով, ոչ էլ անձնակազմին հարմարվելու»,- ասաց Հարություն Ամիրխանյանը:
Նա ընդգծեց, որ թեև իր զորամասի ուղղությամբ սահմանային իրավիճակը բավականին լարված է եղել, սակայն, կոնկրետ իր գունդն այս օրերին մարդկային կորուստներ չի ունեցել.
«Կարծում եմ՝ դա պատրաստվածության, զգոնության ու հետևողական լինելու արդյունք է ու կրկնում եմ` Աստծո օրհնություն: Թող բոլորը հանգիստ լինեն՝ հայ զինվորն այնպիսին է, ինչպիս մի քանի օր առաջ իրեն դրսևորեց: Դեռ ավելին` վերջին մարտական գործողություններից հետո` փորձ ձեռք բերած: Մեր զինվորն ինչ տեսականորեն գիտեր` գործնականում կիրառեց»,- ամփոփեց գնդապետը:
Նշենք, որ Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ: