26/08/2014 17:25
Ադրբեջանն ուզում է Հայաստանը բլոկադայի մեջ պահել. Արկադի Տեր-Թադևոսյան
Որպեսզի զինվորը կարողանա պաշտպանել սահմանը, նա ռազմական պատրաստվածություն է անցնում: Հայ զինվորն ունակ է պաշտպանել իր սահմանները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ում համոզմամբ` այսօր էլ հայ զինվորը շատ մարտունակ է ու պատրաստված:
«Հայաստանն այսօր ունակ է բլոկադայից դուրս գալ և կարող է այնպես անել, որ հասնի մինչև անգամ Ռուսաստանի սահմանը: Այս հարցը պետք է նախ քննարկվի հասարակության շրջանում, իսկ հետո հաստատի նաև պաշտպանության նախարարությունը»,- նշեց Կոմանդոսը՝ հստակեցնելով, որ իր առաջարկը պատրաստվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացնել:
Անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Կոմանդոսը նշեց, որ այն հերթական գծագրված սցենարն էր, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը շատ փայլուն կատարեց:
«Ադրբեջանը, միևնույն է, չի հրաժարվի իր վարած քաղաքականությունից: Այսինքն՝ կփորձի թելադրողի դեր ստանձնել և սահմանն անընդհատ լարվածության մեջ պահել»- ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ վերջին օրերին նաև հանդիպում են ունեցել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները: Ինչո՞վ է սա պայմանավորված և արդյոք դա չի հուշում այն մասին, թե Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների է պատրաստվում, Կոմանդոսը կարծիք հայտնեց, թե՝ ոչ:
«Իրականում Ադրբեջանն ուզում է Հայաստանը բլոկադայի մեջ պահել: Այդ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ պետք է մասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը, իսկ հետագայում Իրանը փոխարինեցին Թուրքիայով: Բլոկադան դա մի գործընթաց է, որի համար երկար ժամանակ է պահանջվում և ժամանակից շուտ ասել, թե այն կգործի, դա ճիշտ չէ: Դա իրական չի թվում»,- ասաց նա:
Վերադառնալով իր առաջարկին՝ Կոմանդոսը նշեց, որ իր նպատակն է, որպեսզի հասարակությունն իմանա, որ Հայաստանը չպետք է լարվածության մեջ մնա:
«Դա ամենասարսափելին է, երբ հասարակությունը մտածում է, թե մենք այնքան թույլ ենք, որ չենք կարող հաղթել Ադրբեջանին»,- նշեց նա:
Նախորդող հրապարակում՝ Եկել է ժամանակը, որ Հայաստանը նախահարձակ լինի. Կոմանդոս