26/08/2014 16:25
Եկել է ժամանակը, որ Հայաստանը նախահարձակ լինի. Կոմանդոս
ԶԼՄ-ները չեն լուսաբանում այն, ինչ տեղի է ունենում իրականում սահմանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով սահմանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին:
Նրա համոզմամբ՝ սահմանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է մատուցվեն այնպես, ինչպես որ կան:
«10 օր եղել եմ սահմանում և ինձ հետ տարել եմ երիտասարդներ, որոնց ծնողներն այդ օրերին լարվածության մեջ էին»,- նշեց Կոմանդոսը՝ հստակեցնելով, որ լուսաբանվող նյութերի մեծ մասը պարզապես լարվածություն է առաջացնում հանրության շրջանում:
«Խոսվում է միայն այն մասին՝ պատերազմ կլինի, թե ոչ, Ադրբեջանը պաստրատ է հարձակվել մեզ վրա և այլ թեմաների մասին, բայց ոչ իրականության»,- մանրամասնեց Կոմանդոսը՝ նշելով, որ այդ մասին խոսում են ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա լրագրողները:
Ասուլիսին նա հանդես եկավ մի առաջարկով, որն ըստ նրա՝ կթուլացնի լարվածությունը ոչ միայն հանրության շրջանում, այլև սահմանում: Նրա խոսքով եկել է Հայաստանի գործելու ժամանակը:
«Սահմանում իրական պատկերն այն է, որ շփման գծի ողջ երկայնքով կանգնած են ոչ միայն հայ, այլև ադրբեջանական զինվորները: Ուզենք, թե չուզենք, արդեն խոսք է գնալու լարվածության մասին, սակայն այդ զինվորները նույնպես չեն ուզում պատերազմել: Ոչ մեր, ոչ էլ առավելևս ադրբեջանական զինվորները չեն ուզում ոչ սպանել, ոչ էլ սպանվել: Նրանք սահմանն են վերահսկում և հայրենիքն են պաշտպանում»,- նշեց Կոմանդոսը՝ համոզմունք հայտնելով, որ իր այս դիտարկումները կհաստատեն նաև այլ ռազմական փորձագետներ:
Կոմանդոսի խոսքով՝ եթե Հայաստանում հայ զինվորը Հայրենիքն է պաշտպանում, ապա Ադրբեջանում դա այդպես չէ:
«Ադրբեջանցի զինվորները Ալիևի խամաճիկներն են դարձել: Սահմանում արհեստական լարվածությունը հենց Ադրբեջանն է հրահրել, որպեսզի Ալիևը թաքցնի իր եկամուտներն ու եկամտային հնարավորությունները: Այդ առիթով է, որ Ալիևը փնտրում է ներքին ու արտաքին թշնամիներ, իսկ սահմանի համար մեղադրում է միայն ու միայն Հայաստանին, որի հետ արժե պատերազմել»,- նշեց նա՝ նկատելով, որ իրականում ադրբեջանցի զինվորները պատրաստ չեն պատերազմի, իսկ միջազգային հանրության աչքին Ադրբեջանն ուզում է թոզ փչել:
Ինչ վերաբերում է առաջարկին, ապա Կոմանդոսը համոզված է, որ Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր մշակի, որպեսզի ինքնապաշտպանվի:
«Այդ լարվածությունը մեզ միայն զոհեր է տալիս՝ երիտասարդ զինվորներ, ովքեր ծառայել էին ընդամենը 1 կամ 1,5 տարի: Ես վստահ եմ, որ մեր ԶՈւ-ը մարտունակ են, ուստի առաջարկում եմ, որ նախահարձակ լինենք, ոչ թե նստենք ու սպասենք, թե Ադրբեջանը մեզ վրա հարձակվի, նոր պաշտպանվենք: Ես գիտեմ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի հնարավորությունները, ուստի համոզված եմ, որ այդ նպատակային հարձակումներով մենք կկարողանանք կանխարգելել Ադրբեջանի հետագա գործողությունները»,- ասաց նա՝ հստակեցնելով նաև, թե չի ասում, որ պետք է պատերազմել, կամ պատերազմ հայտարարել, այլ հակառակը՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին հարվածի ու հասկացնի, որ մեր դիրքերն իսկապես ամուր են:
Կոմանդոսի հավաստմամբ՝ այդ նպատակային հարվածների խնդիրը կայանում է նրանում, որ դրանով Հայաստանը կկարողանա ոչ միայն ինքնապաշտպանվել, այլև Ադրբեջանին մի լավ դաս տալ:
«Ադրբեջանը պետք է վերջապես հասկանա, որ Հայաստանն այդքան էլ թույլ չէ: Այսինքն՝ կհասկանա, որ Հայաստանն ունակ է իր սահմանները պաշտպանել: Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի Ադրբեջանը հանրության շրջանում լարվածություն առաջացնի: Նա վերջապես կհասկանա, որ չի կարող անընդհատ ճնշել ու վախի մթնոլորտ ստեղծել: Մենք չենք ուզում պատերազմել, բայց այս լարվածությունը պետք է թուլանա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նախահարձակ չլինելով, Ադրբեջանը համոզվում է, թե Հայաստանի վրա կարողանում է ճնշում գործադրել:
«Եկել է ժամանակը, որպեսզի մենք անցնենք գործի և Ադրբեջանին մենք հարվածենք: Մենք չպետք է նստենք ու սպասեն, թե Ադրբեջանն ինչպես է մեզ վրա հարձակվում, կամ սպասենք, թե երբ պետք է հարձակվի»,- ասաց նա:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Կոմանդոսը նշեց, որ այսօր միջազգային հանրությունը անկողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում, սակայն ամեն դեպքում դա չի թույլացնում սահմանի լարվածությունը, որն անընդհատ հրահրում է Ադրբեջանը:
«Միջազգային հանրությունն առաջնորդվում է հավասարության սկզբունքով, իսկ մենք միշտ ապացուցել ենք, որ ամենաքիչ կրակողն ենք եղել: ԵԱՀԿ-ն փորձում է չխառնվել այդ ամենին և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հարցը իրար մեջ լուծել: Ընդամենը: Ես չեմ առաջարկում պատերազմել կամ պատերազմ հայտարարել, բայց կրկնում եմ. եկել է հարցը լուծելու ժամանակը»,- ընդգծեց նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ քայլին գնալով Հայաստանը կլինի ոչ թե ագրեսոր, այլ կպաշտպանի իր իրավունքներն ու սահմանները: