26/08/2014 18:32
Հայ-վրացական հարաբերություններում «կարմիր գծեր» փնտրել պետք չէ. Փորձագետ
Ժամանակ առ ժամանակ հանդիպում են մարդիկ, ովքեր տեղի-անտեղի անդրադառնում են որոշակի թեմաների կամ խնդիրների՝ ցանկություն առաջացնելով հասկանալ, թե ի՞նչ կապ ունի տվյալ նյութի բովանդակությունն իրականության հետ և որն է հեղինակի՝ անձնական կամ գուցե պարտադրված կարծիքը հանրայնացնելու նպատակը: Եթե խոսքը վերաբերեր օտար, հատկապես մեր «բարեկամ» թուրք և ադրբեջանցի՝ մեծ երևակայություն ունեցող «գյուտարարներին», ապա այս հարցադրման իմաստը հասկանալի կլիներ, սակայն տվյալ պարագայում տպավորությունը բացասական երանգ է ստանում:
Նկատելի է, որ հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս՝ որոշ մեկնաբաններ փորձում են գտնել, պայմանական ասված, թույլ կետեր, որոնք հնարավորություն կտան ավելի փաստական դարձնել շարադրված բովանդակությունը: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված երևույթը հանդիպում է առավելապես բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների և հանդիպումների շրջանում, ինչն էլ մեծացնում է (ակտուալության առումով) նյութն ավելի ընթեռնելի դարձնելու հավանականությունը: Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ հայ-վրացական հարաբերություններում «կարմիր գծեր» փնտրելն ուղղակի անիմաստ է:
Հասկանալու համար հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը, խնդիր է առաջանում ոչ միայն տրամաբանական, այլ նաև իրատեսական և խորքային պատկերացում ունենալ բոլոր այն խնդիրների և մարտահրավերների մասին, որոնք տեղ են գտել մեր տարածաշրջանում և ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ, կարևոր է ֆիքսել այն կարծիքները կամ հայտարարությունները, որոնք հնչեցնում են այս կամ այն երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթների ժամանակ:
Այս առումով քննարկելի է դառնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
Նախ այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ վրացական կողմը չի հրապարակել այցելության ամբողջական օրակարգը, որում մասնավորապես բացակայել է Ղարիբաշվիլիի՝ Ծիծեռնակաբերդ այցելելու մտադրությունը: Պարզ է, որ պաշտոնական Թբիլիսին նման քայլով փորձել է խույս տալ վրաց-թուրքական համագործակցության ներկա մակարդակը վնասելու հավանականությունից, և նույն այդ խնդրի հետ է կապված հենց 1915թ.-ին թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրակարգից դուրս պահելու հանգամանքը: Բայց միևնույն ժամանակ չի կարելի անտեսել, որ նախապես տեղեկությունը չտարածվելուն հետ մեկտեղ՝ Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ, եղևնի տնկել Հիշողության պուրակում՝ հարգանքի տուրք մատուցելով թուրք դահիճների զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Ինչ վերաբերում է հայկական ԶԼՄ-ներում տարածված ապատեղեկատվությանը, ըստ որի՝ «Վրաստանը ս.թ. սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի քաղաքացիների համար», և որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում ՀՀ պաշտոնյաները չեն անդրադարձել այդ հարցին, անհրաժեշտ է նշել, որ իրականում Վրաստանում ուժի մեջ մտնող փոփոխությունը նախատեսում է՝ այդ երկրի տարածքում 180 օրվա ընթացքում ավելի քան 90 օր բնակվելու ցանկություն ունեցող ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ այլ օտարերկրյա քաղաքացիները, պետք է համապասխան փաստաթուղթ ձեռք բերեն. ստանան կացության կարգավիճակի քարտ, ինչն, ըստ էության, պայմանավորված է Վրաստանի կողմից «Ասոցացման համաձայնագրի» ստորագրման և այդ շրջանակներում երկրի օրենսդրությունը համապատասխան չափորոշիչներով հագեցնելու հանգամանքով: Ի դեպ, մեր պետությունը ևս կիրառում է այդ օրենքը:
Այն կարծիքը, որ Վրաստանի վարչապետի այցն անարդյունավետ էր, ևս փաստարկված չէ, քանի որ Ղարիբաշվիլին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի, և, չնայած այն հանգամանքին, որ այցն ըստ էության ճանաչողական բնույթ էր կրում, այդուհանդերձ, կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կարևոր, այդ թվում՝ էներգետիկ, հեռահաղորդակցության ոլորտին, սահմանային անցակետերի արդիականացմանը, մշակութային, կրթական և հումանիտար կապերի սերտացմանն առնչվող հարցեր շուրջ: Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ մոտ ապագայում իրականություն կդառնա երկու երկրների սահմանին «Բարեկամության կամուրջի» կառուցման, Թբիլիսիում հայ-վրացական բիզնես ֆորում անցկացնելու գաղափարը:
Վերը շարադրվածից զատ ժամանակաշրջանի և արդիականության առումով կարևոր մի դրվագ ևս, որ հնարավոր չէ անտեսել. Վրաստանի վարչապետը Երևան կատարած այցի ընթացքում ոչ մեկ անգամ վստահություն է հայտնել առ այն, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն կառույցներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Ավելին՝ վրացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների, ինչը, նրա կարծիքով, լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:
Ավելի օբյեկտիվ լինելու համար հավելենք, որ իհարկե, ինչպես ցանկացած երկու հարևան պետությունների միջև, հայ-վրացական հարաբերությունների պարագայում ևս առկա են որոշակի խնդիրներ, մասնավորապես կապված սահմանազատման և սահմանագծման ոլորտի, հայկական մշակութային հուշարձաններին և վիրահայ համայնքին առնչվող հարցերի հետ, սակայն դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ երկու երկրների բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների վրա, նույնիսկ այդ ուղղությամբ տարվող թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերի ֆոնին, քանի որ ոչ միայն Վրաստանի իշխանությունները, այլ նաև վրաց հասարակությունը լավ գիտակցում են իրական բարեկամի և լավ գործընկերոջ կարևորությունը, և, միգուցե, ներկա շրջափուլում Թուրքիան և Ադրբեջանը լավ և շահավետ գործընկերներ են Վրաստանի համար, բայց հեռահար նպատակների տեսանկյունից, իհարկե, այդ երկրի համար վստահելի և իրական բարեկամը Հայաստանն է:
Եվ վերջում, դրական մի հանգամանք ևս. Վրաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և այդ ուղղությամբ որոշակի դրական արդյունք արդեն իսկ արձանագրվել է: Սակայն նշանակալի և զգալի առաջընթաց գրանցելու համար կողմերին անհրաժեշտ է անցնել երկարատև ու բարդ գործընթաց, և այդ շրջափուլում իր դրական դերը կարող է խաղալ Հայաստանը՝ որպես նշված երկու երկրների համար վստահելի և շահագրգիռ պետություն, ինչը, կարծում եմ, լավ գիտակցում են, թե՛ Վրաստանը և թե՛ Ռուսաստանը: Ուստի այն կարծիքները կամ մտավախությունները, որ Վրաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական դաշինք կազմել և գործել Հայաստանի դեմ, ուղղակի իրատեսական չէ: Մյուս կողմից, անվիճելի է, որ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող ցանկացած գործողություն, իրադարձություն, իհարկե, պետք է գտնվի պետության ուշադրության ներքո, և կարծում եմ՝ ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես զբաղված են նման խնդիրներով: