26/08/2014 15:15
Россельхознадзор-ի մասնագետները ձկնամթերքի ստուգումներ են կատարել ՀՀ-ում
Այս պահին Հայաստանից արտահանման իրավունք ունեն ձկնամթերք արտադրող 16 ընկերություն, ևս 7 ընկերություն նախկինում արտահանում է կատարել, այժմ տարբեր պատճառներով գտնվում են արգելանքի տակ: Այս մասին Aysor.am-ին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեպի ՌԴ ձկնամթերք արտահանելու համար ՍԱՊԾ է դիմել 22 ընկերություն, Հայաստան են ժամանել Россельхознадзор-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրություններ են կատարել այդ ընկերություններում, այժմ սպասում են պատասխանի:
ՍԱՊԾ են դիմել նաև մսամթերք արտադրող ընկերություններ, սակայն համապատասխան մասնագետներ դեռևս Հայաստան չեն ժամանել:
Նշենք, որ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը փոխանցեց ձկնաբույծների մտավախությունը՝ արտահանման ծավալենրի վերաբերյալ, նշելով, որ այս գործընթացներում կարևոր է թափանցիկությունը, նաև կան որոշ կարգավորման մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն:
Նա արտահանման հիմնական խոչընդոտները տեսնում է ՍԱՊԾ-ի պասիվ գործունեության, արտերկրում խնդիրների դեպքում հայ ձկնաբույծների անօգնականության մեջ:
Արթուր Աթոյանը նաև շեշտեց, որ նախ պետք է ճշտել գործող մեխանիզմները, թեև «ունենք լավ օրենքներ, սակայն երբ կիրառվում են, դառնում են վնասակար և անիրագործելի»:
2013 թ-ի տվյալներով, Յունիֆիշ ընկերությունը, ըստ ՏՄՊՊՀ ցանկի, գերիշխող դիրք ունեցող ընկերություն է համարվում և իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին՝ 47,12%-ը իշխանի և կարմրախայտի առումով, իսկ թառափազգիների առումով, 49,23 % բաժնով զբաղեցնում է իրացման շուկայի մեկ երկրորդը` 68,54 տոկոսը: Մխչյան ֆիշը» ևս համարվում է ոլորտի խոշորագույն ձկնամթերք արտադրող և արտահանող ընկերություններից, իսկ թե հատկապես որքան է նրա զբաղեցրած տեղը հայաստանյան իրացման շուկայում` ՏՄՊՊՀ-ն տվյալներ չուներ: