26/08/2014 14:10
Արցախում շատ լուրջ է հեռահաղորդակցության խնդիրը. Աշոտ Ղուլյան
Արցախում ճանապարհների կառուցման և նորոգման հարցը ցավոտ խնդիրներից մեկն է: Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Սա ցավոտ խնդիր է, մենք 1994-95 թվականներից սկսած ավելի շատ մեծ ռազմավարական ծրագրեր ենք իրականացրել: Ինչ վերաբերում է գյուղերն իրար կապող ճանապարհներին, ապա դրանք շարունակական աշխատանքներ են, որոնք այսօր էլ շարունակվում են: Ամեն տարի Արցախի բյուջեից գումարներ ենք տրամադրում դրա համար:
Կարծում եմ, որ առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելու Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար, այդ տարածքում բոլոր գյուղերն էլ կապված են այդ մայրուղուն, հետևաբար այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու: Մինչև 2015 թվականը ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ ենք ունենալու Արցախում: Բայց դրանով չպետք է ավարտած համարել մեր աշխատանքը: Այս տարիների համար ծրագրվում է նաև Հայաստանը Արցախին կապող մեծ էներգահամակարգի հիմնումը»,- նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ հաջորդ տարի կընդլայնվեն նաև Արցախի էներգետիկ հնարավորությունները:
Ըստ Ղուլյանի՝ մի քանի լուրջ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդ ընտանիքներին, ծնելիության զարգացմանը:
«Ամեն մի նոր ծնվող երեխայի համար Արցախի իշխանությունների կողմից բանկում հաշիվ է բացում: Ամեն մի 6-րդ երեխայից սկսած ընտանիքը ստանում է նոր բնակարան կամ առանձնատուն: Եվ հիմա մտածում ենք, որ դա իրականացվի ամեն 5-րդ երեխայի համար»,- նշեց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ բազմազավակ ընտանիքների մեծ մասը շարունակում է ընտանեկան նպաստ ստանալ:
Նրա խոսքով՝ այդ նպաստը ընտանիքների մի մասն օգտագործում է երեխայի ծնվելուց հետո, իսկ մի մասն էլ նախընտրում է այն օգտագործել երեխայի 18 տարին լրանալուց հետո:
«Այսօր Արցախի միջոցները բավարար են, որպեսզի երիտասարդ ընտանիքները մտածեն ավելի շատ երեխաներ ունենալու մասին: Ամեն մի երեխայի հետ նաև ընտանեկան նպաստն է աճում»,- շեշտեց Ղուլյանը:
Խոսելով խնդիրներից՝ ԱԺ նախագահն ընդգծեց նաև, որ Արցախում շատ լուրջ է հեռահաղորդակցության միջոցների խնդիրը:
«Շատ լուրջ է հատկապես ինտերնետ և հեռախոսային կապի խնդիրը: Լուրջ է նաև հեռուստատեսության հարցը»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս ուղղությամբ ևս միջոցներ են ձեռնարկվում, սակայն լուրջ ներդրումներ առայժմ չկան:
«Որոշ խնդիրներ լուծված են, բայց մենք դրանով չենք սահմանափակվում: Անելիքները նույնպես շատ են»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ԱԺ նախագահը համոզված է, որ վերջին տարիների համեմատ բնակչության ոչ շատ աճ է եղել, ոչ էլ նվազել է: «Ես չեմ կարող ասել, որ արտագաղթ չկա, բայց դա այն ծավալի չէ, որը մտահոգի: Հիմնականում գնում են աշխատելու համար:
Նշենք, որ Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և «World Vision» կազմակերպության աջակցությամբ:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանին չի հաջողվի խոչնդոտել Արցախի զբոսաշրջության զարգացմանը. Ղուլյան