26/08/2014 12:30
Ադրբեջանին չի հաջողվի խոչնդոտել Արցախի զբոսաշրջության զարգացմանը. Ղուլյան
Զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում: Այս մասին Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանը փորձում է խոչնդոտել Արցախի զբոսաշրջության զարգացմանը, սակայն այսօր էլ Արցախ շարունակում են հազարավոր զբոսաշրջիկներ գալ:
«Ադրբեջանում փորձում են ստեղծել այնպիսի հնարավորություններ, թե իրենք կարող են խոչնդոտել Արցախի զբոսաշրջության զարգացմանը: Այո, այս ուղղությամբ Ադրբեջանում շատ համառորեն ուղեգիծ են տանում, բայց, կարծում եմ, դա նրանց չի հաջողվում»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ամեն տարի Ադրբեջանը հազարավոր երիտասարդների արտասահման է ուղարկում, ովքեր աշխատում են ընդդեմ Հայաստանի և Արցախի իմիջի:
«Արտասահմանում պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, որտեղ հավաքվում են առաջին սուլոցով հավաքվող մարդիկ: Բայց կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե Արցախին կամ Հայաստանին է վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որտեղ փորձում են ընդունել այդ երիտասարդներին: Ադրբեջանը սրանով փաստում է, որ այնքան ցինիկորեն է վերաբերվում մարդու իրավունքի միջազգային վարվեցողության կանոններին, որ իրեն թույլ է տալիս այդպիսի արտառոց միջոցառումներ կամ ակցիաներ նախաձեռնել արտերկրում»,- նշեց Ղուլյանը:
Ըստ Ղուլյանի՝ դա աշխատում է ոչ թե հօգուտ Ադրբեջանի, այլ Արցախի, քանի որ այդ միջոցառումների նախաձեռնողը Ադրբեջանն է:
«Չեմ կարծում, թե այդ երկրների պաշտոնական շրջանակներում հավանության են արժանացնում այդ ծրագրերը, քանի որ դրանք հակառակ էֆեկտն են տալիս: Ինքս այդպիսի միջոցառումներին մի քանի անգամ մասնակցել ու համոզվել եմ, որ այդ երկրների պաշտոնակատար անձիք դրանց շատ ավելի խիստ են արձագանքում և ամեն ինչ անում են իրենց երկրներում նման միջոցառումների կազմակերպումը կանխելու համար: Դա խոսում է այն մասին, որ այդ երկրները շահագրգռված չեն Ադրբեջանի ջատագովը դառնալ և թույլ չեն տա, որ իրենց տանն Ադրբեջանն իրեն այդքան ազատ զգա»,- ասաց Ա. Ղուլյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ևս թույլ կտա Արցախում զարգացնել զբոսաշրջությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի Արցախի ճանաչման գործընթացին:
«Զբոսաշրջությունը ևս հօգուտ Ղարաբաղի ճանաչման գործընթացի է աշխատում»,- եզրափակեց նա:
Նշենք, որ Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և «World Vision» կազմակերպության աջակցությամբ:
Նախոդրող հրապարակումներ՝ Արցախը պատրաստ է նաև Իրաքից փախած եզդիներին աջակցություն ցուցաբերել
Վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը շուտով ազատության մեջ կլինի. Ղուլյան