26/08/2014 13:56
«Եզդի տղամարդկանց սպանում են, իսկ կանանց և երեխաներին` վաճառում»
Եզդիների առջև խնդիր է դրված` նրանք կամ պետք է ընդունեն իսլամ, կամ էլ կոտորվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:
Ս. Ավդալյանի խոսքով` եզդիները պատսպարվում են իրենց համար ստեղծված ճամբարում, որի մասին ևս գիտեն իսլամիստները, ինչպես նաև Սինջար լեռան մոտ, սակայն կենտրոնացված չեն մի տեղ, դրա համար արևմուտքից օգնությունը շատ դեպքերում չի հասնում բոլորին:
«Սա եզդիների ցեղասանություն է: Իրաքում բնակվում էր մոտ 1,5 միլիոն եզդի, իսկ կոտորվածների թիվը անցնում է 400 հազարից: Եզդի տղամարդկանց սպանում են, իսկ կանանց և երեխաներին վաճառում են սև շուկայում»,- ասաց Ս. Ավդալյանը:
Նրա խոսքով` այս ամենի մեջ պատասխանատվության իր բաժինը ունի նաև Իրաքի նախագահը, իսկ «Իսլամական պետություն» ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը, որը ստեղծվել և զենք է ստանում ԱՄՆ-ի կողմից, իր առաջ նպատակ է դրել ոչնչացնել եզդիներին, և Թուրքիայի միջնորդությամբ ու գերտերությունների թուլատվությամբ ջրի գնով նավթ է վաճառում:
Ասուլիսի մյուս բանախոս` արևելագետ Սարգիս Գրիգորյանը ասաց, որ այս խմբավորումը իրեն արդեն հռչակել է իսլամական պետություն և իր մեջ անվերահսկելի միտումներ է պարունակում:
Արևելագետի խոսքով` ինքը համամիտ չէ, որ խմբավորմանը զինում է ԱՄՆ-ն, այլ նրանք ֆինանսավորվում են նավթի վաճառքից:
Անդրադառնալով անկախ Քրդստան ստեղծելու ծրագրին, արևելագետը ասաց, որ դեռ մոտ ապագայում դա չի իրականանա, սակայն հետագայում դա անխուսափելի է:
Նախորդող հրապարակումներ՝ Իրաքի հյուսիսում սպանվել է 80 քուրդ-եզդի. Բազմաթիվ կանանց առևանգել են
Ջոն Հեֆերնն այսօր հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի անդամներին
«Եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական նկատառումների զոհ»