26/08/2014 17:57
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից:
Ուղերձում ասված է.
Հարգարժան Ռաուլ Ջումկի,
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու և Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա:
Լեռնային Ղարաբաղում կարևորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը և հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջև փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:
Ընդունեք մեկ անգամ ևս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»: