26/08/2014 10:16
ԿԲ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
ՀՀ կենտրոնական բանկը անցյալ շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդ կանխատեսման, այս տարի մեր տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:
Նշենք, որ ՀՀ 2014-ի պետական բյուջեի հիմքում դրված է տնտեսական 5.2 տոկոս աճի կանխատեսում: ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրի համաձայն, տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի միջակայքում: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թվականի համար կանխատեսվում էր 5-ից 7 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել է «Հայաստանի առևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»: ԿԲ-ն նաև կանխատեսել է ՌԴ-ից դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում: