26/08/2014 17:00
Երգիչ Հայկոն՝ իր ծննդյան տոնի ամենաթանկ նվերի և ապրած տարիների մասին
Երգիչ Հայկոն երեկ կեսգիշերից մինչև այսօր չի դադարում ստանալ հեռախոսազանգեր ու շնորհավորանքներ իր հարազատներից, ծանոթ-անծանոթ մարդկանցից և երկրպագուներից: Նա իրեն շատ երջանիկ է զգում 41-ամյակի առթիվ հնչած ջերմ խոսքերի «տարափից»:
«Անչափ ուրախ եմ, որ իմ ծննդյան տոնին արդեն երրորդ տարին է՝ ներկա է իմ որդին՝ Արմանը: Երեկ ստացած նվերներիցս ամենաթանկը, թերևս, նրա կողմից է եղել, երբ զանգահարեց ձեռքիս հեռախոսին և մեծ մարդու պես շնորհավորեց հայրիկի ծնունդը»,- Life.panorama.am-ի հետ իր ուրախությամբ կիսվեց երգիչը:
Նրա խոսքով՝ իր կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ևս անակնկալ է մատուցել ամուսնուն.
«Կինս, առհասարակ, սիրում է անակնկալներ անել և, ի տարբերություն ինձ, դա նրա մոտ ստացվում է, իսկ, օրինակ, ես մի քանի օր առաջ պատմում եմ դրա մասին»,- ծիծաղելով նշեց Հայկոն՝ չբացելով կնոջ անակնկալի մասին փակագծերը:
Մեր այն հարցին, թե որտեղ է Հայկոն նշել իր ծննդյան տարեդարձը, վերջինս պատասխանեց, որ երբ ինքը, սովորաբար, նշում է ծննդյան օրը, այն վերածվում է հարսանյաց խնջույքի պես մի բանի.
«Իմ մտերիմ ընկերներն այնքան շատ են, որ երբ բոլորին կանչում եմ, ստիպված մի մեծ խնջույք եմ անում: Այս տարի որոշել էի չնշել տարեդարձս, այնուամենայնիվ, երեկոյան ընկերներիս հետ հավաքվեցինք ու, ինչպես միշտ, քեֆ-ուրախություն եղավ, փաստորեն, չկարողացա խուսափել տարեդարձս նշելուց»,- ծիծաղելով պատմեց երգիչը:
Հայկոն կիսվեց իր մտորումներով, որոնք գալիս են՝ հետադարձ հայացք նետելով իր ապրած կյանքին.
«Վերլուծում եմ անցկացրած տարիներս և համարում եմ, որ լավ եմ ապրել և ապրում իմ կյանքը, ես սիրում եմ բոլոր մարդկանց և մշտապես ազնիվ եմ բոլորի հանդեպ. թերևս, այդ է պատճառը, որ նաև ստանում եմ համապատասխան վերաբերմունք»,- ասաց նա:
Երգչի որդու լույս աշխարհ գալուց հետո, արդեն, Հայկոյի բոլոր կարևոր նպատակներն ու երազանքները կապված են հենց երեխայի հետ.
«Օր ու գիշեր աշխատում եմ և փորձում եմ այնպես անել, որ որդիս ոչնչի պակաս չզգա և լավ մարդ դառնա»,- եզրափակեց նա: