26/08/2014 10:00
«Միկա-ցեմենտն» անցել է ՎՏԲ բանկին
Հրազդանի «Միկա ցեմենտ» ՓԲԸ-ում սպասողական վիճակ է: Երկու օր առաջ ՎՏԲ բանկը բանվորներին բաժանել է նրանց ապրիլ ամսվա աշխատավարձը: Թե ինչու են իրենք աշխատավարձ ստանում ՎՏԲ բանկից, աշխատողները չեն հասկանում: Առհասարակ «Միկա ցեմենտը» և ՎՏԲ բանկը գաղտնի գործելաոճ են որդեգրել, որը Հրազդանում տեղիք է տալիս տարատեսակ լուրերի: Ըստ դրանց, գործարանը «վերցրել» են ռուսները: Այս մասին գրել է «Հրապարակը»:
ՎՏԲ-ում չեն հերքել, որ աշխատավարձ են վճարել «Միկա ցեմենտի» աշխատակիցներին, սակայն հրաժարվել են օպերատիվ կարգով «Հրապարակի» հարցերին պատասխանել: Հետևաբար` հակված ենք կարծել, որ ռուսական բանկը «կուլ է տվել» ձեռնարկությունը` այն միացնելով իր ակտիվներին:
Թերթը հավելել է, որ Միկա Բաղդասարովը անմաքուր եղանակներով իր մրցակիցներին շուկայից հանելու ճանապարհով, թիվ մեկ վառելանյութ ներմուծողը դարձավ, հետո ամրապնդելով իր ներկայությունը ցեմենտի արտադրության մեջ, փորձեց դուրս շպրտել «Արարատ ցեմենտին» այնտեղից: