26/08/2014 12:01
Ոստիկանը` մի խումբ անձանց հետ բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն` վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից: Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: