27/08/2014 13:35
Նալբանդյանի այցն իր մեջ խորհուրդ ունի. Ալեքսանդր Մանասյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա մեկնումը ճիշտ որոշում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ում խոսքով՝ միջպետական հարաբերություններում կապեր պաշտպանելը, կամուրջները չվառելը, այլ խողովակներով հարաբերություններ հաստատելը պատմականորեն է ընդունված:
«Մեր իշխանությունները շատ ճիշտ որոշում են ընդունել: Այն, որ Նախագահ Սարգսյանը չի մեկնում, դա մտածված է, որն իր մեջ որոշակի ուղերձ է պարունակում: Իսկ Նալբանդյանի այցն իր մեջ խորհուրդ ունի»,- ասաց նա՝ շարունակելով, որ այցը կարևոր է երկու կողմերի համար էլ:
Քաղաքագետի խոսքով՝ թեև Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ աչքի է ընկել իր հակահայկականությամբ, հնչեղ հայտարարություններով, այնուամենայնիվ՝ նրա համոզմամբ, մեծ քաղաքականության մեջ դրանք ընդամենը մանրուքներ են:
«Մեր իշխանություններն ուզում են ասել, որ ձեր մոտ գալիս ենք, բայց ոչ ամենաբարձր մակարդակով: Սա ընդունված է բոլոր երկրներում: Այսինքն՝ դա դիվանագիտական խորհուրդ է իր մեջ պարունակում:
«Նման այցերի ու հանդիպումների խորհուրդը կայանում է նրանում, որ դրանք մի տեսակ հետախուզական բնույթ են կրում: Տնտղում են, ծանոթանում նրանց քաղաքականության հետ: Ինչո՞ւ ոչ՝ կփորձեն նաև մեզ ներքաշել խոսքի մեջ: Բայց, եթե Թուրքիայում Դավութօղլու և Էրդողան կա, ապա այդ այցից լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ: Եթե միջազգային քաղաքականության հզոր մամլակը՝ Արևմուտքը, Թուրքիայի վրա չի կարողանում ազդել, ապա որևէ բան սպասել չարժե: Չնայած՝ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը սխալ է: Կարող է Թուրքիան այնպիսի անակնկալներ մատուցի, որ ոչ մի բան էլ հնարավոր չլինի կանխատեսել: Հնարավոր է՝ մեկ ամիս հետո այնպիսի գործոններ ի հայտ գան, որ մեր կանխատեսումները սխալ լինեն»,- նշեց Մանասյանը:
Այդուհանդերձ՝ քաղաքագետի կարծիքով, Հայաստանը պետք է հստակ իմանա նաև, թե այսօրվա իր անելիքը որն է, որպեսզի վաղը չհայտնվի անհարմար իրավիճակում:
Նախորդող հրապարակում՝ Է. Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը