27/08/2014 17:37
Գաբրիել Ղազարյանը հյուրընկալել է Սյուզի Կենտիկյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուրընկալել է գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի հայազգի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սյուզի Կենտիկյանին:
Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ հայ ազգը մշտապես հետևում է Սյուզիի մրցելույթներին ու մեծ ոգևորությամբ սպասում նրա հերթական հաղթանակին, ուրախանում նրա ձեռքբերումներով: Գաբրիել Ղազարյանի խոսքերով՝ Սյուզի Կենտիկյանի օրինակը վարակիչ է ու ոգևորում է բազմաթիվ հայ աղջիկների՝ սպորտով զբաղվելու և բռնցքամարտում հաջողություններ գրանցելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Սյուզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է 4 տարվա ընդմիջումից հետո կրկին հայրենիք այցելելու համար: Նա պատմել է իր հետագա անելիքների ու ծրագրերի մասին, մասնավորապես՝ շուտով վերսկսելու է պարապմունքներն ու պատրաստվելու է նոյեմբերին անցկացվելիք մրցումներին:
Հայուհի բռնցքամարտիկը տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի իր բոլոր մրցելույթներն ու հաղթանակները նվիրելու է Մեծ եղեռնի 100-ամյակին:
Նախարար Գ. Ղազարյանը հանդիպման վերջում Սյուզի Կենտիկյանին հանձնել է նախարարության շնորհակալագիրը՝ Հայաստանի Հանրապետությունում բռնցքամարտի զարգացման և մարզաձևի տարածման գործում մեծ ներդնում ունենալու համար, նրա հետ եղել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում, որտեղ նախատեսված էր Սյուզիի հանդիպումը պատանի բռնցքամարտիկների հետ: