27/08/2014 14:08
«Գոսը» ձկնամթերք չի արտահանում. ՍԱՊԾ-ն սպասում է ՌԴ պատասխանին
Օրերս ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը լրագրողերի հետ հանդիպմանն ասաց, որ «Գոս» ձկնաբուծական ընկերությունը, որի արտահանման վրա արգելանք էր դրվել ՌԴ համապատասխան ծառայության կողմից, արդեն մեկ տարուց ավելի է խախտումներն ուղղել է, սակայն արտահանման թույլտվություն տրված չէ:
Խնդրի պարզաբանման համար Aysor.am-ը դիմեց Սննդի անվտանգության պետական ծառայությանը, կառույցի մամուլի պատասխանատու Արմինե Սուքիասյանը պատասխանեց, որ 2013թ-ի «Россельхознадзор»-ը` անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը արգելանք էր դրել «Գոսի» ձկնամթերքի արտահանման վրա, քանի որ արտադրանքում հայտնաբերվել էին մանրէաբանական խախտումներ:
ՍԱՊԾ-ն դրանից հետո ստուգումներ է իրականացրել ընկերությունում և խախտումներ է հայտնաբերել, որից հետո հանձնարարվել է վերացնել դրանք, որն էլ կատարվել է:
Վերջերս Հայաստանում էին ՌԴ մասնագետները, ովքեր ևս ստուգումներ են կատարել ընկերությունում, իսկ թե ի՞նչ կպատասխանեն` դեռևս հայտնի չէ: Ըստ պատասխանի կտրվի «Գոս» ընկերությանը ձկնամթերքի արտահանում իրականացնելու թույլտվություն ՌԴ, կամ՝ ոչ: