27/08/2014 15:55
Գյուղատնտեսությունը միայն պտուղ քաղել ու վաճառելը չէ. Լյովա Խաչատրյան
Գյուղատնտեսության սանկացիները նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ում կարծիքով՝ այսօր շուկայում ինչ-որ տեղ զբաղեցնելը շատ բարդ գործընթաց է, սակայն Ռուսաստանը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում:
«Ռուսական շուկան համեմատաբար ավելի ազատ է: Եթե նախկինում ապրանքների համար 60-90 օրվա ընթացքում էին վճարումներ կատարում, ապա այսօր կան անգամ կանխավճարներ: Այսօր Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն է ընձեռել մտնել ռուսական շուկա, մենք չպետք է այդ հնարավորությունը կորցնենք»,- ասաց պատգամավորը:
Խաչատրյանի խոսքով՝ եթե նախկինում դժվար էր անգամ Հայաստանի պահածոների համար շուկա գտնելը, ապա ռուսական շուկայում դրա արտահանումն անգամ կկրկնապատկվի:
«Ռուսական շուկա մտնելուց հետո մենք այնտեղ կամրապնդվենք, որը հետագայում թույլ կտա նաև զաևգացնել գյուղատնտեսության ոլորտը»,- նշեց նա:
Պատգամավորի հավաստմամբ՝ այսօր գյուղացին պետք է կարողանա կապեր հաստատել, բացի այդ՝ նրան պետք է նաև էժան վարկեր տրամարդվի, որպեսզի բերքը ցանելուց բացի, կարողանա այն նաև հավաքել:
«Գյուղատնտեսության ոլորտում շատ են խդնիրները: Կան ծրագրեր, ձևավորվել են հանձնախմբեր, բայց դրանք բավարար չեն ոլորտը կարգավորելու համար: Վարչապետի հրամանով հատուկ ծրագիր է մեկնարկել, որը կխթանի նաև ջերմոցային տնտեսությունը, բայց այդ ծրագրերը պետք է արագացնեն, քանի շուկան բաց է մեզ համար: Այլապես կուշանանք»,- նշեց Խաչատրյանը:
Խոսելով խնդիրնրից՝ ԲՀԿ ներկայացուցիչը նկատեց, որ այսօր գյուղացու համար թիվ մեկ խնդիրը ոռոգման ջրի հարցն է:
«Մենք գյուղատնտեսությունով ինչպես որ հարկն է չենք զբաղվում: Կանգնել ենք ջրի փաստի առաջ: Ցանքատարածքների մեծ մասը չորանում է: Այգիները լուրջ խնդիր ունեն: Հույս ունեմ, որ գյուղնախարարությունը տարեվերջում կամփոփի այդ ամենը: Իսկ թե աշնանն ինչ կունենաք ձմեռոցի համար՝ դժվար է ասել: Գյուղատնտեսությունը միայն պտուղ քաղել ու վաճառելը չէ: Պետք է նաև ռազմավարական ծրագրեր մշակել»,- հավելեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ էլ՝ Հայաստանի գյուղատնտեսությունը կզարգանա ոչ միայն ռուսական շուկայի հաշվին, այլև ԵՏՄ անդամակեցությամբ: Նրա խոսքով՝ միջպետական հարաբերությունները պետության զարգացման խթանիչ ուժն են, իսկ Ռուսաստանի հետ համագործակցելով՝ այդ հնարավորությունները կկրկնապատկվեն:
«Կվերանան բոլոր քաշքշուկները՝ մաքսային, վարկային և այլն: Մենք ունենք բավարար քանակով դեղձ, բայց չգիտենք, թե այդ դեղձը ուր արտահանենք: Այսօր կուտակված դեղձ կա Հայաստանում, բայց չենք կարողանում իրացնել: Գործարանները չեն ընդունում, քանի որ պահածո չի վաճառվում, իսկ արտահանել չենք կարողանում: Այնպես չի, որ մենք արտադրել ենք ու ինքնարժեքը բարձր է, բայց արտահանում չի լինում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե շուկայում ճանապարհ է հարթվում, ապա պետք է մտածել նաև դրա հնարավորությունների մասին:
«Ռուսական շուկա մտնելով համոզված եմ, որ գործարանները ավելի բարձր գնով կընդունեն անգամ խաղողը»,-ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայից ներկրվող գյուղմթերքներին՝ Լ. Ալքեսանյանը նկատեց, որ թուրքական ապրանքը էժան է ու անորակ: