27/08/2014 18:29
«Նախահարձակ լինելը մեր դեպքում կդիտվի ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը համամիտ է Սերժ Սարգսյանի՝ Ծաղկաձորում արած հայտարարության հետ, որում Նախագահը անդրադարձել էր ԼՂՀ բանակցային գործընթաին: Քաղաքագետի կարծիքով՝ նախագահի հայտարարությունը ճիշտ և տեղին էր: Ավելին՝ նա վստահ է, որ առաջիկայում ևս բանակցային գործընթացում որևէ փոփոխություն կամ դրական տեղաշարժ չի սպասվում:
«Արդեն քարորդ դար է մեր հիմնախնդրի կերպարը աղճատված է ներկայացվում բոլոր բանակցային սեղանների շուրջ: Այդպիսի պարագայում սպասել առաջընթացի՝ անհնար է: Բնական է՝ այդ աղճատմանը մասնակցել է Ադրբեջանը, Արևմուտքը, և որքան էլ տարօրինակ հնչի՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ կոնֆլիկտոլոգիայում ընդունված է հակամարտության կերպար գաղափարախոսությունը, որն այս դեպքում փորձում է կեղծել Ադրբեջանը:
«Բանակցությունների դեպքում կողմերից մեկը սովորաբար պայքարում է որպեսզի հակամարտության կեպարը մոտ լինի բուն էությանը, որպեսզի արծարվի ճշմարտությունը, մյուս կողմը՝ հերքում է այդ ամենը, կերպարը կեղծելով: Խոսքն այս դեպքում Ադրբեջանի, ինչու ոչ նաև Ուորլիքի մասին է»,- հավելեց քաղաքագետը:
Մանասյանի խոսքով՝ Ուորլիքը միշտ, չգիտես ինչու, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի շուրջ արտահայտությունը, կամ խոսում է հողերի վերադարձման մասին:
«Մենք ԼՂ-ից դուրս չենք եկել և մենք Ադրբեջանին պատկանող հողեր չենք վերցրել: Բոլոր այդ տարածքները, որոնք գտնվում են ԼՂՀ պետական իրավասության ներքո, իրավաբանորեն Ադրբեջանին չեն պատկանում և չեն էլ պատկանել»,- նշեց քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ մինչև այս զրույցները չվերջանան, բանակցային առաջընթացի մասին խոսելն ավելորդ է:
«Մինչև այդ ամենը չհաստատվի իրավաբանորեն, հաջողություն չի լինելու»,-ասաց նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ ավելորդ է անգամ խոսել ինչ-որ փոխզիջման մասին, քանի որ չկա որևէ իրավաբանական փաստաթուղթ:
«Ինչպե՞ս խոսել փոխզիջման մասին, երբ հայտնի չէ, թե իրավաբանորեն, որ տարածքները ում են պատկանում: Շատ նկատելի է, որ խնդիրը 88-ից ի վեր փոխվել է, և այսօր էլ ՄԽ տարբեր պետություններ հարցի հետ կապված տարբեր քաղաքականություն են վարում»,- նշեց Մանասյանը՝ հստակեցնելով, թե մասնավորապես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասին է խոսքը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կողմ է, որպեսզի ստատուս քվոն պահպանվի, իսկ ԱՄՆ-ը՝ դեմ:
«Ուորլիքը հավաստիացնում է, որ ստատուս քվոն ԱՄՆ-ի զահլեն տարել է, թե պետք է վերադառնալ անցյալ: Բայց ու ենք վերադռանո՞ւմ. 18-րդ դա՞ր, 18 թի՞վ, թե՞ 88 թվական»,- նշեց քաղաքագետը՝ շարունակելով, որ մինչդեռ Ռուսաստանի պահվածքը փաստում է, որ Ռուսաստանն այլ դիրքորոշում ունի և ակնհայտ պաշտպանում է ստատուս քվոն:
Անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի առաջարկին՝ Ա. Մանասյանը նշեց, որ ընդունում է այդ առաջարկը:
«Որքան մենք մեր կերպարը փոխենք, այդքան մեր օգուտն է և մեր նախահարձակ լինելն օրինական է դառնալու: Այդ բոլորը խնդրի կերպարի բուն էությունն է: Այսինքն՝ մենք պետք է խնդրի կերպարը շտկենք, որպեսզի այդ գործողությունները դառնան հասկանալի աշխարհի համար»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նախահարձակ լինելը պատերազմի վերսկսման հիմք չի կարող հանդիսանալ:
«Մեր տարածքների մի մասը, դիրքերը գտնվում են ուղիղ Ադրբեջանի թրիախում: Ինչո՞ւ պետք է Չինարիում կրակողցներ լինեն՝ այն դեպքում, երբ կարող ենք դիրքը գրավել ու չինարեցիներին ազատել այդ կրակոցներից: Մեր դեպքում դա կդիտվի ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն»,- համոզված է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը, ապա քաղաքագետը վստահ է, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա:
«Թուրքիայում նոր իշխանություններ են ձևավորվել, Ադրբեջանում նախարար է փոխվել: Քաղաքականությունների ճշգրտման, փոխահամաձայնության խնդիրներ կան: Այդ հանդիպումը ևս այդ սահմաններից դուրս չի եկել»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Եկել է ժամանակը, որ Հայաստանը նախահարձակ լինի. Կոմանդոս