27/08/2014 16:27
Ռոման Բերեզովսկի. «Մեր խաղը փոքր-ինչ վերակառուցվել է»
Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել թիմի խաղի ու գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի պահանջների մասին:
- Մեր խաղը փոքր-ինչ վերակառուցվել է: Ձգտում ենք պահել գնդակը, ավելի շատ ժամանակ անցկացնել մրցակցի կիսադաշտում, ինչը, իհարկե, ենթադրում է, որ կարող են արագ հակագրոհներ լինել: Իսկ դա միայն դարպասապահի խնդիրը չէ: Նման խաղի ժամանակ պետք է կարողանաս անմիջապես մենամարտի մեջ մտնել և չթույլատրել մրցակցի խաղացողին` կատարելու փոխանցում:
- Կարելի՞ է ասել, որ որոշ նյարդայնություն ստեղծել են դինամոյականների երկրպագուները` «Ռոստովի» հետ խաղում չաջակցելով Գաբուլովին: Մրցաշրջանից առաջ Վլադիմիրը թիվ 1-ն էր համարվում…
- Շատ բան է կախված փոխհարաբերություններից: Պետք է հասկանալ, որ բոլորն են սխալվում: Ի՞նչ է, Ակինֆեևն աշխարհի առաջնությունից հետո այլևս չպետք է խաղա՞: Ուղղակի անհրաժեշտ է, որ աջակցեն մարդուն, առավել ևս, որ Գաբուլովը սարսափելի սխալներ չի գործել:
- Չերչեսովը Ձեզ խնդրո՞ւմ է խաղալ Նոյերի պես` կատարելով նաև լիբերոյի պարտականություններ:
- Երբեմն: Բայց այդ դեպքում միշտ գործում ես «սահմանագծի» վրա: Տեղից դուրս գալու համար պետք է վստահ լինես քո ուժերին և ոչ մի վայրկյան չկասկածես, որ կհասնես գնդակին: Նոյերը միգուցե խաղում է այն մտքով, որ եթե գոլ բաց թողնի, խաղընկերները դրա փոխարեն մի քանի անգամ կգրավեն մրցակցի դարպասը: Նման ձևով փորձեցի գործել «Սպարտակի» հետ խաղում, բայց մի դրվագում չհաշվարկեցի գնդակի անդրադարձը գետնից: Խաղադաշտը հարթ չէր, և տարբեր հատվածներում անդրադարձը տարբեր կերպ կարող էր դրսևորվել: Հասկանալի է, որ դա իմ սխալն է: