27/08/2014 12:00
Հակառակորդի դեմ անզեն կռված զինվոր. «Բա որ զենք էի ունեցե՞լ...»
Օգոստոսի 25-ին Նորայր Քամալյանին՝ մկրտված Գևորգ անունով, հանեցինք մեռոնից: Այս մասին ասված է ազատամարտիկ Շահե Աճեմյանի Facebook-յան էջում:
«Մեծ փոփոխություն զգացի նրա տրամադրության և ընդհանուր վիճակի մեջ: Բոլորը զարմանում էին, որ նա սկսել է խոսել, ավելի լավատես է դարձել, արագ կազդուրվում է: Առաջին անգամ երբ տեսա, ճնշող տպավորություն ունեի: Այսօր ամեն ինչ այլ էր իսկապես: Նա արդեն գիտակցաբար, համբերատար սպասում է հաջորդ վիրահատությանը, լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ: Ըմբոստ է:
Նա իրեն հերոս չի զգում, դա ուրիշների կարծիքն է, նրան ավելի շատ հուզում են ապրած վիճակի հիշողությունները, անընդհատ ասում է «Բա որ զենք էի ունեցե՞լ...ես դրանց ինչ կանեի», վերապրելով իր և ընկերների նկատմամբ ցուցաբերած բռնությունն ու դիմադրությունը: Կամքի ուժ ունի, արագ է ապաքինվում, առաջ է նայում: Մեծ ձգտումներ ունի, չնայած համեստ ընտանիքում է ապրում (Գիշի գյուղում): Նրա տարեկից եղբայրը դեռ ծառայում է ԵՂՆԻԿՆԵՐ ջոկատում, իսկ ավագ եղբայրը և՛ սովորում է, և՛ աշխատում: Երբեմն ծանոթանում ես բոլորովին անհայտ, համեստ մարդկանց հետ, որոնք նույնիսկ չեն անդրադառնում, որ այս կյանքում դժվարություններ կան:
Մայրը 43 տարեկան է, արդեն մեծ որդիներ ունի, որոնց մասին կարելի է ասել կայացել են որպես տղամարդ: Այսքան բաներով անցան, այսքան ժամանակ հոսպիտալում են (փամփուշտը սրտի շրջանով է անցել՝ վրիպել է) և ոչ մի տրտունջ չնկատեցի: «Ա՛մեն ի՛նչ լա՛վ ա», - անդադար կրկնում էր Արինան: Հայրը գյուղում է, աշխատում է: Նա ազատամարտիկ է եղել Մոնթեի մոտ ամուր սիրտ ու բնավորություն ունի: Սիրտս հպարտությամբ է լցված՝ այսպիսի մարդկանցով ենք մեր հողերը պահել դարերով և, ինչպես տեսնում եք դեռ կան, նույնիսկ եթե ապրում են աննկատ (չէ՞ որ այս դեպքը կարող էր և չլինել, չէինք բացահայտի նրանց)՝ ԿԱ՛Ն և ԴԵՌ ԿԾՆՎԵՆ հայ ժողովրդի արժանի զավակներ:
Այսպես եմ սփոփում ընկերներիս կորուստների ցավը, այսպես վստահ եմ նայում գալիք սերնդին ու Հայաստանի ապագային: Փա՛ռք մեր ազգին»:
Նախորդող հրապարակումներ՝ ՊԲ զինվորի անզեն պայքարը` հակառակորդի դեմ (Տեսանյութ)
Նորայր Քամալյանն անձնական խիզախության համար պարգևատրվել է Արիության մեդալով