28/08/2014 17:43
«Աբրահամյանները ոչ թե ինձ քցել են, այլ զերծ են պահել «քցողներից»»
Ամիրյան 4-4 հասցեի նախկին բնակիչները շարունակում են բողոքել՝ հայտարարելով, որ իրենց բնակարանային խնդիրն այդպես էլ մնացել է «օդում կախված», իսկ իրենց տների տեղում կառուցված շենքը, նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահվանից հետո, խլել է Հովիկ Աբրահամյանի որդին:
Aysor.am-ի հետ զրույցում, Մելիք Գասպարյանի որդին՝ Ապրես Գասպարյանը նշեց, որ մամուլում տարածվող տեղեկություններն անհեթեթություն են և որևէ կապ չունեն իրականության հետ:
«Ի՞նչ խլելու մասին է խոսքը, երբ Աբրահամյանները մշտապես աջակցել են մեզ, ավելին՝ նրանք այն քիչ մարդկանցից են, ովքեր մեր ընտանիքի համար բարդ ու դժվարին ժամանակներում, մեր կողքին են եղել:
Ավելին՝ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե մեզ համար այդպիսի կարևոր ժամանակահատվածում չլիներ նրանց աջակցությունը»,- նշեց Ապրես Գասպարյանը՝ ընդգծելով, որ Աբրահամյաններն իր ընտանիքին զերծ են պահել «քցողներից»:
Ինչ վերաբերվում է «National» հյուրանոցի շինարարությանը, ապա Ապրես Գասպարյանը նշեց, որ այն կառուցել են Արգամ Աբրահամյանի հետ միասին (հյուրանոցի 33% տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է, 67%-ինը՝ Ապրես Գասպարյանը) ու այդ նպատակով բանկից 4.5 մլն դոլարի վարկ են վերցրել:
Հարցին, թե ինչո՞ւ են մինչև հիմա բնակիչների բողոքում ստեղծված իրավիճակից, Ա. Գասպարյանն ասաց. «Գործընթացը մինչև վերջ հասցնելու ենք ավարտին, իսկ դրա արագ ընթացքին խոչընդոտում են դատական պրոցեսները (որոշ բնակիչներ դիմել են դատարան): Բնակիչների ճնշող մեծամասնության հարցը կարգավորված է, մարդկանց բնակարանների վկայագրեր են տրվել, այնպես որ, ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում»: