28/08/2014 15:05
Պետք է ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքն Ուկրաինայում. Դեսպան
Ի պաշտպանություն «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի` Հայաստանում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մասնաճյուղը Երևանի Մոսկվայի տանն այսօր կազմակերպել էր լուսանկարչական ցուցահանդես, պահանջելով ազատ արձակել Ստենինին:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի օգոստոսի 7-ին «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն տեղեկացրել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը կապի դուրս չի եկել: Ֆոտոտեղեկատվության տնօրինությունը նրանից վերջին անգամ նյութ է ստացել օգոստոսի 5-ին:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ որևէ հավաստի տեղեկություն չկա:
«Անընդհատ հակասական տեղեկատվություն են հաղորդում: Բայց, կարծում եմ, անհրաժեշտ է կրկնապատկել, եռապատկել ուժերը, նաև համախմբել միջազգային հանրության ուժերը, որպեսզի իմանանք՝ որտեղ է գտնվում նա ու վերադարձնենք հայրենիք»,-ասաց դեսպանը` նշելով, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ լրագրողներին հակամարտության գոտիներում շարունակում են հետապնդել:
Վոլինկինի խոսքով՝ ընթացիկ տարում, կապված ուկրաինական դեպքերի հետ, արդեն վեց լրագրող է մահացել՝ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու ժամանակ:
«Նման իրավիճակն անընդունելի է ժամանակակից աշխարհում: Չպետք է թույլ տալ, որ նման դեպքերը կրկնվեն: Պետք է միջազգային հանրությունն արձագանքի Անդրեի հետ կատարվածին և, առհասարակ, Ուկրաինայում լրագրողների նկատմամբ կատարվող բռնություններին»,-ընդգծեց նա:
Ի. Վոլինկինի համոզմամբ` նման ցուցահանդեսներն ու այս դեպքի հետ կապված մյուս ակցիաները հասարակության, լրագրողների կոչն է ուկրաինական իշխանություններին՝ դադարեցնել բռնությունները լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ և ճիշտ, ադեկվատ քաղաքականություն վարել:
Դեսպանն ընդգծեց նաև, որ ՌԴ-ն պնդում է՝ արագորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները Անդրեյ Ստենինին փնտրելու և ազատելու համար:
«Պետք է ապահովել ռուս և արտասահմանցի լրագրողների անվտանգ աշխատանքն Ուկրաինայում: Աշխարհի որևէ թեժ կետում լրագրողների հետ կապված նման դեպքեր չպետք է լինեն: Այլ բան է, երբ մարդը կրակոցների զոհ է դառնում պատահաբար, այլ բան` երբ նպատակաուղղված լրագրողի են կրակում»,- ասաց նա՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերում բոլոր լրագրողներին, ովքեր չնայած կյանքին սպառնացող վտանգներին` գնում են հակամարտության գոտիներ, որպեսզի աշխարհին ներկայացնեն իրականությունը, ճշմարտությունը, նրանք համարձակ մարդիկ են:
«Այդպիսին է նաև Անդրեյը: Հույս ունենք, որ նրա պատմությունը լավ ավարտ կունենա և մոտ ժամանակներս կվերադառնա հայրենիք, իր հարազատների մոտ»,- նշեց դեսպանը:
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված են մոտ չորս տասնյակ լուսանկարներ, որոնք արված են Անդրեյ Ստենինի կողմից ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում:
Ըստ շրջանառվող լուրերի` Անդրեյ Ստենինին կարող էին ձերբակալել միայն ուկրաինացի ուժայինները, սակայն Կիևը դա չի հաստատում: Ուկրաինայի ՆԳՆ-ն օգոստոսի 11-ին դիմում է ընդունել լրագրողի անհետացման մասին: Հաջորդ օրը Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին, որ իրենց հայտնի է Ստենինի ճակատագիրը: Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ֆոտոլրագրողին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները և կասկածում են նրան «ահաբեկիչներին սատարելու մեջ»։
Ավելի ուշ Գերաշչենկոն նշել էր, որ իրեն «սխալ են մեկնաբանել»` նա միայն ենթադրել է, թե Ստենինը ձերբակալված է, բայց հստակ տեղեկություն այդ մասին չունի։ Baltkom-ը հայտարարել էր, որ ունի հարցազրույցի ձայնագրությունը և տրամադրել էր այն ԶԼՄ–ներին։
Ենթադրվում է, որ նրան ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստենինի առևանգման փաստով: