28/08/2014 11:10
«Հայպետհիդրոմետից» հերքում են, թե սեպտեմբերի 2-ին կգրանցվի +40, +41 աստիճան
«Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է տարածված լուրերն այն մասին, թե սեպտեմբերի 2-ին Երևանում կգրանցվի +40, +41 աստիճան:
Ընդհակառակը, ըստ Պետրոսյանի, օգոստոսի 30-ից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի: Երկու օրից մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի մինչև 35 աստիճան, հանրապետության հյուսիսային շրջաններում և մայրաքաղաքում կմեծանա անձրևի և ամպրոպի հավանականությունը: Պետրոսյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել հենց «Հայպետհիդրոմետ» ծառայության տարածած տեղեկատվությունից:
Նշենք նաև, որ վերջին օրերին Երևանում գրանցվել է +39,7, Մեղրիում մոտ +42 աստիճան: Մեղրիի այս ցուցանիշը գրեթե ռեկորդային է Հայաստանի համար, բացարձակ ռեկորդը +43.7 աստիճան, Մեղրիում գրանցվել է 2010 թվականին: