28/08/2014 11:17
Լրագրողների մուտք գործելը ԱԺ գլխացավանք է դարձել. «Հրապարակ»
Չնայած ԱԺ պատգամավորների արձակուրդն ավարտվել է, բայց այս օրերին խորհրդարանում իսկական անտերություն է: Հատուկենտ պատգամավորներ երեկ կարելի էր գտնել շենքում, ինչի պատճառով էլ շենքը ուղղակի կորած է կեղտի մեջ: ԱԺ բակի լողավազանն էլ ամբողջովին ճահճացել է: Փոխարենը` լրագրողների մուտք գործելն են հիմա դարձրել գլխացավանք: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Խորհրդարանում լրագրողների նոր հավատարմագրման գործընթացը դեռևս չի ավարտվել, ինչը նշանակում է, որ առանց հավաստագրերի լրագրողները կարող են ԱԺ մուտք գործել միայն անցաթղթերով` ներկայացնելով անձնագրերը: Այդ կարգը գործել է մշտապես, սակայն այս տարի լրագրողների համար ստեղծել են անիմաստ խոչընդոտներ: Երեկ անցաթուղթ ունեցող լրագրողներն անակնկալի եկան, երբ անվտանգության աշխատակիցները հայտնեցին, որ նորից պետք է ստուգեն, կապվեն լրագրողների համար անցագիր իջեցնողների հետ:
«Հրապարակի» և էլի մի քանի լրագրողներ ստիպված եղան մեկ ժամից ավել սպասել, քանի որ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանն արձակուրդում էր, կամ նախապատրաստվում էր կառավարություն գնալուն, իսկ նրան կարող էր փոխարինել միայն Սրբուհին` նրա տեղակալը, ով ինչ-որ հանդիպման էր»,-հավելել է թերթը: