28/08/2014 11:38
Փլուզման հետևանքով Սարի թաղում մարդ է մահացել. Լուսանկարներ
Երեկ՝ ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Պարզվել է, որ Պ. Ի.-ի տան նախասրահում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ամբողջությամբ փլուզվել է առաստաղը (մոտ 25 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ փլատակներից տեղի ուժերով դուրս է բերվել Ս. Ա.-ը (ծնվ. 1999թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիատալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ա.-ի (ծնվ. 1983թ., ազգանունը պարզ չէ) դին: