28/08/2014 11:25
Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը:
Այդ մասին հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Ամերիկայի հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի մասնաճյուղի հայտարարությունը: Կառույցն իր շնորհակալությունն է հայտնել Կալիֆորնիայի սենատին:
Իր բացման ելույթում սենատի նախագահ դե Լեոնը նշել է, որ «այս շրջանում էթնիկ հայերը մեծ տառապանքներ են կրել և արժանի են ազատ ու անկախ հայրենիքի, որտեղ ենթակա չեն լինի հալածանքների վտանգի»: Նկատելով, որ Կալիֆորնիան կարող է նպաստել աշխարհում փոփոխություններ հաստատելուն՝ նա կոչ է արել սենատորներին իրենց քվեով սատարել ժողովրդավարությանը, ազատությանը, նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը:
Կալիֆորնիայի սենատը AJR 32 բանաձևն ընդունել էր մայիսին՝ ձայների մեծամասնությամբ:
Աղբյուրը նշում է, որ Կալիֆորնիայում տասնյակ հազարավոր հայեր են բնակվում, այդ թվում Սումգայիթում (1988), Կիրովաբադում (1988) ու Բաքվում (1990) հայերի ջարդերից փրկվածներ:
Այս ճանաչումով Կալիֆորնիան միանում է Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգներին, որոնց օրենսդիր մարմինները ևս ճանաչել են Արցախի անկախությունը: