29/08/2014 11:00
Այս տարի խաղողի բերքն առատ է լինելու. «ՀԺ»
2014-ին, ըստ կանխատեսումների, մեր երկրում կարտադրվի մոտ 260 հազար տոննա խաղող ՝ մոտ 20 հազար տոննայով ավել, քան նախորդ տարի (2013թ.-ին՝ 240 հազար 816 տոննա): Այս մասին «Հայկական Ժամանակին» տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Այս տարի մթերման ենթակա խաղողի պահանջարկը նույնպես գերազանցում է նախորդ տարվա պահանջարկը: Եթե 2013-ին վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 167 հազար տոննա խաղող, ապա այս տարվա մթերվող բերքի պահանջարկը կազմում է 190 հազար տոննա:
Հանրապետության գինու գործարաներն այս տարի 1կգ խաղողի դիմաց սահմանել են 150 դրամ, նախորդ տարվա 145-ին փոխարեն: Մթերման սեզոնի մեկնարկը կտրվի այս տարվա սեպտեմբերի 3-ին: Անի Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ օգոստոս 27-ի դրությամբ մեր երկրից արտահանվել է 2938 տոննա խաղող: