29/08/2014 15:35
Սահմանի միջադեպերի քրգործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ, որտեղ փակ խորհրդակցություն է անցկացրել դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, տեղեկացնելով նաև, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին, առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ քրեաիրավական գնահատական տալուն, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:
ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում վերջին շրջանում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, որտեղ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ: