29/08/2014 13:40
Առաջին անգամ եմ նման բան լսում. Ն. Զոհրաբյանը՝ դեսպանի հետ հանդիպման մասին
Տարբեր քաղաքական գործիչներ կարող են հանդիպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների կամ դեսպանության ներկայացուցիչների հետ և դա ընդունված երևույթ է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, թե Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս շատ հաճախ հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ, իսկ Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է դեսպանը հանդիպում, երբեմն էլ՝ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին:
«Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը երբեմն նաև ճաշկերույթների է մասնակցում նրանց հետ, քննարկում իրենց անելիքները: Սակայն այդ ուժերը, բնականաբար, հերքեցին լուրը»,–գրել է թերթը։
Ն. Զոհրաբյանը շարունակելով իր խոսքը՝ հավելեց նաև, որ այդ մասին ինքն առաջին անգամ է լսում:
«Ես, որպես խմբակցության քարտուղար, առաջին անգամ եմ նման բան լսում: Եթե նման բան լիներ, ապա առնվազն ես պետք է ներկա լինեի այդ հանդիպումներին, առավելևս՝ այդ մասին պետք է որ տեղեկացված լինեի»,- հավելեց նա:
Գրեթե նույն զարմանքով արձագանքեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով նույնպես նշեց, որ այդ մասին ինքն առաջին անգամ է լսում:
«Ես դեսպանի հետ չեմ հանդիպել և նման տեղեկություն չունեմ:
«Ժառանգություն» կուսակցությունը ոչ առանձին, ոչ էլ Քառյակի շրջանակներում որևէ հանդիպում չի ունեցել որևէ դեսպանի հետ»,- ասաց նա: