29/08/2014 17:20
Պատահարների թիվն աճել է. Նորիկ Սարգսյան
Հայաստանում գրանցվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2014թ. 1-ին կիսամյակը այս մասին ասաց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պատահարների ժամանակ զոհվել է 133 մարդ, վիրավորվել՝ 1925-ը: Այց ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: «Պատահարների թիվն աճել է 149-ով, իսկ վիրավորներինը՝ 178-ով»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է զոհերի թվին, ապա Սարգսյանի հավաստամամբ՝ դրանց թիվը կրճատվել է 10-ով: «Կրճատվել է նաև ծանր պատահարների թիվը, ինչը դրական արդյունք է»,- հավելեց նա:
Անդրադառնալով վրաերթերին՝ Նորիկ Սարգսյանը նկատեց, որ դրանք նախկինի պես կազմում են պատահարների մոտ մեկ երրորդ մասը: Իսկ դրանց համար, ըստ նրա՝ հիմնականում մեղավոր են հետիոտները: «Հետիոտնի մեղքն ապացուցվելու դեպքում վարորդներն ազատվում են պատասխանատվությունից»,-ասաց նա:
Նորիկ Սարգսյանը նշեց նաև, որ օգոստոսի 29-ի դրությամբ տուգանային հրապարակ է բերվել շուրջ 22 հազար մեքենա, ինչը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում բերված մեքենաների թվին: