29/08/2014 10:00
«Պարսիկների համար վատ օրինակ ենք ծառայում». Ոստիկանը՝ լրագրողներին
Երեկ, կառավարության նիստից հետո, երբ միտինգավորներն արդեն հեռացել էին, մի քանի լրագրողներ նստել էին աստիճաններին: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ նրանց է մոտեցել մի կապուտաչյա ոստիկան և դիտողություն արել: Լրագրողների զարմանքին ի պատասխան ասել է` պարսիկների համար վատ օրինակ եք ծառայում, նրանք էլ են գալիս, նստում աստիճաններին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը` թե ինչն է խնդիրը, որևէ օրենք դա արգելո՞ւմ է, ոստիկանը շարունակել է իր ասածը պնդել:
Լրագրողների զարմանքին, թե գուցե ինքը հատուկ վերաբերմունք ունի իրանցիների հանդեպ, ոստիկանը դեմքի լուրջ արտահայտությամբ պահանջը հիմնավորել է պատմական փաստով. «Իսկ դուք չգիտե՞իք, որ նրանք 451 թ. մեզ կոտորել են»:
«Պարզվում է` նա շատ ազդված է Ավարայրի ճակատամարտից և իրանից եկած զբոսաշրջիկներին չի կարողանում ներել մոտ 1500 տարի առաջ կրած մեր պարտության համար»,-հավելել է թերթը: