29/08/2014 17:40
Սեյրան Օհանյանն ընդունել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին:
Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորել է պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցել են ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կարևորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պայքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման և այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը և իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը ևս կարող է դերակատարում ունենալ:
Հանդիպման ավարտին նշվել է, որ համագործակցության առկա վիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, սակայն անհրաժեշտ է ընդլայնել և ինստիտուցիոնալ մակարդակի բերել համակարգային լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ ջանքերի համադրումը: