29/08/2014 16:50
Խաղալիք ավտոմեքենան ու կոշիկը հոգեմետ դեղորայքի թաքստոց են դարձել
ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Օպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքսը»:
Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել:
Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում թաքցրած փորձել են ափիոնանման զանգված ներկրել: