30/08/2014 15:00
Տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի տարեկան ժողովը
Օգոստոսի 29-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովը 2014/15 արտոնագրային մրցաշրջանի համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ժողովին մասնակցում էին ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում ներգրավված բոլոր անձինք` բաժնի աշխատակիցները, արտոնագրման փորձագետներն ու նրանց տեղակալները, արտոնագրման ղեկավար մարմինների (կոմիտեների) նախագահներն ու անդամները և ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նախագծի ղեկավար, ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Ժողովի ընթացքում Արտոնագրման բաժինը մասնակիցներին ներկայացրեց 2014/15 արտոնագրային մրցաշրջանում կատարված աշխատանքների բնույթն ու ծավալը, խոսվեց, մասնավորապես, մրցաշրջանի արդյունքների, արտոնագրման գործընթացին մասնակից ակումբների, գրանցված առաջընթացի և հնարավոր խնդիրների մասին:
Ժողովի ընթացքում Արտոնագրման բաժինը ներկայացրեց նաև «ՀՖՖ ակումբների արտոնագրման համեմատական վերլուծություն 2014» զեկույցը: Այս գրքույկը ներառում է արտոնագրային 11 մրցաշրջանների համեմատական վերլուծությունը` ՀՀ բարձրագույն խմբի ակումբների կտրվածքով: Սույն զեկույցը ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համեմատական ամենամյա զեկույցների հայկական տեղայնացված տարբերակն է: Այն ներառում է տեղեկատվություն և համեմատական վերլուծություն հետևյալ թեմաների շուրջ` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արդյունքներ և անցած ուղի, հաճախելիություն, մարզադաշտեր, մարզչական կրթություն, տրանսֆերներ, եկամուտներ և ծախսեր: