30/08/2014 10:37
Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս Panorama.am-ում կարդացի հարցազրույց ֆինն ուղղափառ հոգևորական Սերաֆիմ Սեպալայի հետ, որը պարզվում է 500 էջանոց գիրք է գրել՝ մեր մշակույթին նվիրված, և հիմա էլ նոր գիրք է պատրաստում՝ Հայոց ցեղասպանության մասին: Նա ասում է.
«Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են ողջ մշակույթի մեջ՝ օպերաներից մինչև «սրբավայրեր»: Սեպալան, ինչպես և բազմաթիվ այլ օտարազգիներ, Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքը: Նրա խոստովանությունները կարդալիս՝ ես հերթական անգամ համոզվում եմ, թե որքան մենք՝ հայաստանցիներս չենք հասկանում, թե ինչպիսի երկրում է մեզ բախտ վիճակվել ապրել, դեռ որքան մենք պետք է կարդանք, ուսումնասիրենք և, ամենակարևորը՝ գիտակցենք, որպեսզի փորձենք ինքներս մեզ հասկանալ: Կենցաղային մեր մանր «դարդուցավերը», պարբերական փնթփնթոցները մեզ շատ են խանգարում:
Վերջապես մեր բացառիկ հոգևոր հարստությունների լիովին «ըմբոշխմանը» խանգարում են, որքան էլ դա հակասական հնչի, այն «խելոքները», որոնք մեր մշակույթը, ավանդույթները պատկերացնում են որպես ինչ-որ մի պահածո, որն անհարժեշտ է պաշտպանել «չարամիտ» Արևմուտքից, ռուսներից, գլոբալացումից և այլն: Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել»: