01/09/2014 16:24
Ծաղիկների փոխարեն հանգանակություն` Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատի համար
Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի ուսուցչական անձնակազմը հրաժարվել է ավանդույթ դարձած սեպտեմբերմեկյան ծաղիկներից. Այսօր բոլոր ծնողները, ովքեր նախատեսել էին ծաղիկներ նվիրել իրենց երեխաների ուսուցիչներին, այդ գումարները փոխանցել են սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցմանը:
Aysor.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանն ասաց, որ սովորաբար հենց սեպտեմբերի մեկին ամենից շատն է ծաղիկների հոսք լինում դպրոց, հենց այդ պատճառով էլ նման նախաձեռնություն են անցկացրել` աջակցելով Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցմանը:
Նախաձեռնությունը, նրա խոսքով, դպրոցի մանկավարժների կողմից է առաջարկվել, ինչն էլ ընդունել են նաև ծնողները:
«Այսօրվա տոնական միջոցառումից հետո խնդրեցինք ծնողներին, որ դպրոց մտնելուց առաջ հանգանակություն անեն մուտքի մոտ դրված արկղում: Երբեք չի լինում, որ բոլոր աշակերտները ծաղիկներով գան դպրոց, բայց այսօր երևի 80 տոկոսը մասնակցեց հանգանակությանը: Նույնիսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ում մենք ենք օգնում, նրանք նույնպես մասնակցեցին հանգանակությանը»,- ասաց դպրոցի տնօրենը:
Հարցին, թե հնարավո՞ր է նման նախաձեռնությունները շարունակական լինեն, Վ. Սուքիասյանն ասաց, որ իրենք պարբերաբար բարեգործություններ անում են. «Աստված տա այնքան լավ լինի, որ մեր երկիրը բարեգործական նման նախաձեռնությունների կարիք չունենա»,- ասաց նա` կոչ անելով մյուս դպրոցներին ևս նման նախաձեռնություններ կատարել:
Ի դեպ, թարմ ծաղիկների փոխարեն ուսուցիչները աշակերտներից ստացել են իրենց իսկ ձեռքով պատրաստած, նկարած ծաղիկներ:
Դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ Այգեպարի ներկայացուցիչը դպրոցում է եղել և հանգանակությունից հետո գումարը հաշվել և փոխանցվել է նրան: Վ. Սուքիասյանի խոսքով՝ հավաքվել է մոտ 400 հազար դրամ: