01/09/2014 12:37
Սև սեպտեմբեր. Բեսլանի դպրոցի ահաբեկչությունից 10 տարի է անցել. Լուսանկարներ
10 տարի առաջ սեպտեմբերի 1-ին Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցը գրավեցին ահաբեկիչները:
Գիտելիքի օրվան նվիված տոնական միջոցառումը սաստիկ շոգի պատճառով նախատեսված առավոտյան 10-ից տեղափոխվեց մեկ ժամ շուտ՝ առավոտյան 9-ին: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցում էր 895 աշակերտ, 59 ուսուցիչ ու դպրոցի աշխատակից: Դպրոց եկած ծնողների թիվը հստակ չէ: Ընդ որում՝ սեպտեմբերի 1-ին առավոտյան իրենց ավագ քույր-եղբայրներին շնորհավորելու համար ծնողների հետ դպրոց էին եկել նաև բազմաթիվ մանկահասակ երեխաներ:
Միջոցառման սկզբից րոպեներ անց «ԳԱԶ-66» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներով դպրոցի շենքին մոտեցան զինված մարդիկ, ովքեր անկանոն կրակ բացեցին ու դպրոցի շենքում փակեցին մոտ 1100 մարդու: Ահաբեկիչները զինված էին ինչպես ինքնաձիգերով, այնպես էլ՝ նռնականետերով և գնդացիրներով:
«Եթե սպանեն մեզանից մեկին՝ մենք կսպանենք 50 մարդու: Վիրավորեն մեզանից մեկին՝ կսպանենք 20-ին: Եթե մեզանից 5-ին սպանեն, մենք այստեղ ամեն բան կպայթեցնենք: Եթե փորձեն անջատել կապն ու լույսը՝ մենք կսպանենք 10 մարդու»,- դպրոցը գրավելուց հետո հայտարարեցին ահաբեկիչները:
Բացի այդ, բանակցությունների համար նրանք պահանջեցին ներկայանալ Հյուսիսային Օսեթիայի նախագահ Ալեքսանդր Դզասոխովին և Ինգուշեթիայի ղեկավար Մուրատ Զյազիկովին:
16:00-16.30 հատվածում դպրոցի տարածքում հնչեց առաջին պայթյունը, որն ուղեկցվեց կրակոցներով:
Ժամը 19:00-ի սահամաններում ահաբեկիչները կապի դուրս եկան բջջային հեռախոսներով: Նրանք թույլ տվեցին պատանդների համար ջուր և սնունդ փոխանցել:
'
Հաջորդ օրն առավոտյան նրանք հրաժարվեցին փոխանակել ներսում գտնվող երեխաներին մեծահասակներով:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին դպրոց կարողացավ մտնել Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Արուշևը: Նա կարողացավ պայմանավորվել ահաբեկիչների հետ, որպեսզի դպրոցից բաց թողնեն 24 կնոջ, ովքեր մանկահասակ երեխաների հետ էին ներսում:
Այդ ընթացքում շատերը մահացան սաստիկ շոգի պայմաններում ջրի ու սննդի բացակայության պատճառով: Ներսում մարդիկ ստիպված էին սնվել դպրոց բերած ծաղկեփնջերով ու խմել սեփական մեզը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13:04-ի սահմաններում դպրոցի տարածքում մի քանի վայրկյան պարբերականությամբ երկու հզոր պայթյուն տեղի ունեցավ: Դրանցից հետո, պատանդները սկսեցին դուրս վազել շենքի տարածքից: Ահաբեկիչները կրակ բացեցին նրանց վրա՝ սպանելով 29 մարդու:
Սրանից 5 րոպե անց սկսվեց դպրոցի ազատագրման հակաահաբեկչական օպերացիան: Դրան մասնակցեցին «Ալֆա» և «Վիմպել» հատուկ նշանակության օպերատիվ խմբերը:
13:31-ին ահաբեկիչները պայթացրեցին դպրոցում նախապես տեղադրված ռումբերը, որից հետո փլվեց շենքի կտուրն ու խուճապ սկսվեց:
13:50-ին հատուկ ջոկատայինները մտան դպրոցի շենք: Բեսլանում հակաահաբեկչական ուժային գործողությունը լիովին ավարտվեց նույն օրվա երեկոյան:
Տեղի ունեցածի հետևանքով սպանվեց 334 մարդ: Մեծամասնությունը՝ երեխաներ, 186-ը՝ 1-17 տարեկան: Հոսպիտալացվեց ավելի քանի 700 մարդ, որոնցից կեսից ավելին նորից երեխաներ էին:
66 ընտանիքներից յուրաքանչյուրում մահացավ 2-ից 6 մարդ:17 երեխա կորցրեց երկու ծնողներին էլ:
Դպրոցի ազատագրման օպերացիայի ժամանակ սպանվեց 10 հատուկջոկատային:
Համեմատության համար՝ Հայրենական մեծ պատերազմի 4 տարիների ընթացքում տարբեր ճակատներում Բեսլանն ընդհանուր առմամբ կորցել էր 357 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Շամիլ Բասաևը: Դպրոցում գործող 27 ահաբեկիչներից ողջ մնաց միայն մեկը, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման: