01/09/2014 17:48
Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժած տղամարդկանցից մեկը մահացել է
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում այսօր լիցքավորման ընթացքում տեղի ունեցած պայթյունից վիրավորված տղամարդկանցից մեկը քիչ առաջ մահացել է հիվանդանոցում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը.
«Նա ուներ երիկամների, փայծաղի վնասվածքներ և մեզ մոտ տեղափոխվելուց հետո անմիջապես ենթարկվել է վիրահատության: Բայց վնասվածքներն այնքան լուրջ էին, որ, ցավոք նրան փրկել չի հաջողվել: Վիրահատության ընթացքում նա մահացել է»,- ասաց Գագիկ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է պայթյունի հետևանքով մյուս տուժածին՝ ԲԿ փոխտնօրենի խոսքով՝ նրա մոտ բեկորային վնասվածքներ են, ինչպես նաև վնասվել են աչքերը.
«Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Գագիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երանոս գյուղի Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով 1954 թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից 1959 թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել էին Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Նախորդող հրապարակում՝ Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ