01/09/2014 16:38
«Սահմանամերձ գյուղերի երեխաները մեր ուշադրության կենտրոնում են» (Տեսանյութ)
Միջին և ավագ դպրոցներում դասագրքերը տրամադրվում են վարձավճարով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով բոլոր դպրոցների դասգրքերի շրջանառման ֆոնդին կտրվեն այդ վարձավճարների ցանկը, որոնք փակցված կլինեն դպրոցների գրադարաններում, դասարաններում և միջացքներում:
«Ծնողները տեղյակ կլինեն այդ ամենին: Իսկ այն դասագրքերը, որոնք այս տարի չեն հրատարակվել, դրանք գրադարաններում ևս կան և կբաժանվեն երեխաներին»,- հավելեց Հովհանիսյանը:
Անդրադառնալով սահմանամերձ գյուղերից ստացող ահազանգերին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ահազանագ լուծվում է անմիջապես նախարարի հրամանով:
«Կրթության առումով սահմանամերձ գյուղերի երեխաները միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում են: Կլինի աջակցություն, գրենական պիտույքների, գրքերի, թե դասագրքերի հետ կապված, կամ որևէ այլ խնդիր՝ մենք անմիջապես արձագանքում ենք: Ունենք ձևավորված ավանդույթներ, որին մասնակցում են նաև սահմանամերձ գյուղի աշակերտները: Ուսուցիչների մասով չունենք ահազանգեր: Նրանք վարձատրվում են այնպես, ինչպես մեր ուսուցիչները»,- նշեց վարչության պետը:
Ի դեպ՝ սկսած 2014 թվականից, հանրակրթական դպրոցներում կդասավանդվի նաև ազգային երգ ու պար, որի նպատակն է զարգացնել ազգային մշակույթը դպրոցներում: Ազգային երգ ու պար դասընթացը կդասավանդվի 5-րդ դասարանից և կշարունակվի մինչև 6-րդ և 7-րդ դասարաններում:
«ՀՀ ԿԳ նախարարի հրամանագրով 10 դպրոցներում փորձնական կդասավանդվի ազգային երգ ու պար: Արդեն կա այդ դպրոցների ցանկը, որտեղ այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած՝ կդասավանդվի ազգային երգ ու պար առարկան»,- նշեց տիկին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ դպրոցներում ուսուցիչները արդեն վերապատրաստվել են:
«Այդ դպրոցներում շաբաթական 1,5 ժամ կլինի ազգային երգ ու պարի դասընթաց: Նպատակը ազգային մշակույթին ու արմատներին երեխաներին մոտեցնելն է: Սա թույլ կտա լուծել ոչ միայն հայրենասիրության խնդիրը, այլև երեխաներին դաստիարակել ազգային ինքնության արժեքներով: Այս մոտեցումը մեր հասարակության և մանկավարժության կողմից մեծ խանդավառությամբ է ընդունվել»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա չբացառեց, որ այս առումով սկզբնական շրջանում հնարավոր է լինեն ինչ-ինչ խնդիրներ, թեկուզ հենց կադրային առումով, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի:
«Կունենանք լավ կադրերի պակաս, սակայն մեր ուսուցիչները կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի խնդիր չլինի: Այս փորձնական ծրագիրը մեզ կօգնի հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջ գալու, որպեսզի հետագայում կարողանանք լուծել դրանք: 10 դպրոցներից 2-ը մարզերում են՝ Կոտայքում և Արմավիրում, իսկ 8-ը՝ Երևանում»,- նշեց Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այդ դպրոցներն իրենք են նման հայտ ներկայացրել:
Aysor.am-ի դիտարկմանը, եթե կա կադրային խնդիր, ապա ինչո՞ւ չեք համագործակցում մասնագետների հետ՝ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ ԿԳ նախարարությունը դեմ չէ համագործակցությանը:
«Մենք ուզում ենք համագործակցել և կոչ ենք անում բոլոր մասնագետներին մեզ դիմել: Մեզ առաջարկել են միայն ուսանողներ, որոնք պատրաստ են օգնել այդ խնդիրը հաղթահարելու համար»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Այս տարի առաջին դասարան է հաճախել 40 հազար աշակերտ