01/09/2014 11:56
Սիրիայի բնապահպանության նախարարի պաշտոնը հայուհի է ստանձնել
Օգոստոսի 31-ին, Սիրիայի նոր կառավարությունը իր սահմանադրական երդումն է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի առջև: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-յան էջից:
Սիրիայի վարչապետ Ուաէլ Ալ Հալաքիի գլխավորությամբ՝ նոր ձևավորված կառավարությունը խոստացել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներն ու ծառայել ժողովրդին:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի թիվ 273 հրամանագրով կազմված նոր կառավարության կազմում ընդգրկված է 35 նախարար:
Ի դեպ՝ բնապահպանության նախարարի պաշտոնն այս անգամ վստահվել է ազգությամբ հայ քիմիագետ Նազիր Ֆարահ Սարգիսյանին: Անփոփոխ են մնացել Արտաքին գործերի, Պաշտպանության, Ներքին գործերի, Տեղեկատվության, Կրոնական հարցերի և Արդարադատության նախարարները:
Հիմնվել է նաև նոր նախարարություն, որը կզբաղվի վարչական բարեկարգման հարցերի խնդիրներով: Այս նախարարությունը վստահվել է նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկին՝ դոկտոր Հասսան Ալ Նուրիին:
Կառավարության երդմնակալության արարողությունից հետո Սիրիայի նախագահ Ասադը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել: Հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է, որ երկրի բազմաթիվ դժվարությունների լույսի ներքո կառավարությունը պետք օժտված լինի նոր ծրագրերով ու գործելաոճով, որպեսզի կարողանա հաղթահարել երկրում առաջացած դժվարություններն ու վերացնի նախորդ շրջանի բացասական երևույթները:
«Կառավարությունը պետք է կարողնա ծառայել ժողովրդին և հաղթահարի բոլոր դժվարությունները»,- ընդգծել է նախագահը: