01/09/2014 15:52
Զբոսաշրջության ֆինանսավորման ավելացումը տալիս է իր արդյունքները
2014թ-ի պետական բյուջեի մասին օրենքով զբոսաշրջության համար հատկացվող միջոցները նախորդ տարիների նկատմամբ ավելացել էին շուրջ 50%-ով կամ 25 մլն դրամով և կազմել` 75 մլն դրամ: Չնայած` զբոսաշրջության զարգացման համար տրամադրվող այդ միջոցները, մեծ հաշվով, բավականին քիչ են, սակայն կառավարությանը հաջողվել է տարվա սկզբից սկսած որոշակի առաջխաղացում հաղորդել այս ոլորտին:
Այդ մասին են վկայում Ազգային վիճծառայության օրերս հրապարակած տվյալները, ըստ որոնց` 2014թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 495.967 զբոսաշրջիկներ: 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (422.923 ժամանող) այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 17,3%-ով:
Հետաքրքրան է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների գրեթե 60%-ը սփյուռքահայեր են: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 28,6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 34,6%-ը` ԵՄ երկրներին և 36,8%-ը` այլ երկրներին: Ինչպես և նախորդ տարիներին` այս տարի ևս ամենաշատ այցելուներ ունենում ենք Ռուսաստանից, որոնց տեսակարար կշիռն այցելուների ընդհանուր թվի մեջ կազմում է 22,9%: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 11,7%, այնուհետև Ֆրանսիան՝ 8,1%, Իրանը` 7,2%, Գերմանիան՝ 5,8%, Մեծ Բրիտանիան՝4,8% և Իտալիան` 4,6%:
Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խթանող առաջնային գործոնն իհարկե ներդրումների ծավալների ավելացումն է: Վերջին տարիներին նկատվող ակտիվացումը` կապված ենթակառուցվածքների որոշակի բարելավման, սպասարկման մակարդակի բարձրացման, ինչպես նաև մարքեթինգային համեմատաբար ակտիվ քաղաքականության հետ, իր արդյունքները զգացնել տալիս է: Ընդ որում՝ ներդրումներն ավելանում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների կողմից:
Ասվածի ամենաթարմ օրինակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդի հանդիպումն էր, որտեղ քննարկվել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Նման հեղինակավոր խմբի հավանական ներկայությունը Հայաստանում խոսում է այն մասին, որ ծառայություն մատուցող միջազգային խոշոր կառույցները ևս հետաքրքրված են Հայաստանի զբոսաշրջային լայն հնարավորություններով և պատրաստ են ներդրումներ կատարել:
Այս ամենի համատեքստում պետք է, սակայն, ընդգծել, որ Հայաստանը, ցավոք, դեռևս հեռու է զբոսաշրջային երկիր համարվելուց: Զբոսաշրջության ոլորտում մեր արձանագրած արդյունքները նշանակալիորեն զիջում են հարավկովկասյան երկու երկրների ցուցանիշներին: Վրաստանը մեր տարածաշրջանում զբոսաշրջիկների համար ամենագրավիչ երկիրն է, և 2013թ-ին այս երկիր այցելել են 5,4 մլն զբոսաշրջիկներ, մինչդեռ Հայաստան այցելել է ընդամենը 924.965 զբոսաշրջիկ: Վրաստանում զբոսաշրջությունը ապահովում է երկրի ՀՆԱ-ի 6.2%-ը (մոտ 1մլդ դոլար), իսկ Հայաստանում նույն ցուցանիշը կազմում է ընդամենը 2%:
Այնպես որ, կառավարության դերն այս հարցում վճռական նշանակություն ունի: Զբոսաշրջության բնագավառում Հայաստանը շարունակում է խնդիրներ ունենալ պարզ ենթակառուցվածքների բացակայության, ինչպես նաև հյուրանոցային ցանցի ոչ բավարար և ոչ համակարգված լինելու պատճառով (ժամանած 495.967 զբոսաշրջիկներից 421.765-ը՝ 85%-ը, բնակվել են բարեկամի կամ հարազատի տանը):