02/09/2014 10:34
Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրքերի «քաղցր ճառերը»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ մենք միասին կպայքարենք»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Եթե Ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրում պաշտոնիայի խոսքը (իսկ նման բաներ հարևան երկրում «պատահում են»), ապա Չավուշօղլուի պաշտոնավարության սկիզբը բավականին «խոստումնալից» է:
Իհարկե, նա իր ադրբեջանցի գործընկերների հետ պայքարելու է ոչ թե «ցեղասպանության դեմ», թեկուզ հորինված, այլ նրա դեմ, որ աշխարհի որևէ երկիր, երկրի որևէ մաս կամ քաղաք ադեկվատ գնահատական տա իր նախնիների կատարած ոճրագործությանը: Այդ համատեղ պայքարում, պետք է ենթադրել, մենակատարի դերը խաղալու է Թուրքիան, իսկ Ադրբեջանը, այսպես ասած «դամ է քաշելու»:
Այսպիսի մի գործչի արտգործնախարար նշանակելը, իհարկե հատկանշական է: Պարզ է, որ այս պաշտոնը զբաղեցնող Դավուօղլուի հայացքները Չավուշօղլուի տեսակետները ոչնչով չեն տարբերվում: Խոսքը միայն երանգավորումների և հռետորաբանության ագրեսիայի աստիճանի մեջ է: Մյուս կողմից էլ, իմ կարծիքով, Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրք որոշ պաշտոնյաների «քաղցր ճառերը»: