02/09/2014 13:43
Ռուսական շուկայում մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ. Մինասյան
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր երկրի համար կլինեն բազմաթիվ առավելություններ: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Պարզաբանելով ասածը` պատգամավորն ասաց, որ առաջին կարևորագույն քայլը տարբեր տեսակի ապրանքների ելքի-մուտքի տուրքերից ազատումն է: Առավելություն է նաև, նրա խոսքով, կենդանական ծագում ունեցող ապրանքների սանիտարական նորմերը, Հայաստանի համար բացվող մեծ շուկան, ինչպես նաև` ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգումը:
«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները փոխում են մեր պատկերացումները ռուսական շուկայի վերաբերյալ:Մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ մեր ապրանքատեսակներն արտահանելու և իրացնելու համար»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավորը` հավաստիացնելով, որ պատժամիջոցները չեն կարող ազդել Հայաստանի վրա:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե հնարավոր է իր երկիրը դուրս գա ԵՏՄ կազմից` Գ. Մինասյանն ասաց, որ կառույցն ընդամենը տնտեսական է. «Ցանկացած փորձ, որով փորձում են այդ կառույցում իրականացնել քաղաքական գործընթացներ, հանդիպում են անդամ պետությունների հակազդեցությանը: Այդ պետություններն ունեն իրար հետ չհամընկնող մոտեցումներ: Չեմ բացառում, որ այդ կառույցում կան տնտեսական հակասություններ. սա ևս կարևոր է»,- ասաց նա` ավելացնելով, որ հնարավոր է` ԵՏՄ-ին միանան նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: